Անմահության ճանապարհ․ Սարգիս Նավասարդյան (տեսանյութ)

2016 թվականից ոստիկանության Բազումի բաժնում ստացվող ահազանգերն ընդունում էր ոստիկանության մայոր Սարգիս Նավասարդյանը։ Նա ոստիկանության այն ծառայողներից էր, որը 2020 թվականի սեպտեմբերին մեկնեց Արցախ և անմահացավ Շուշիում։
«Սարգիսը չէր սիրում իր ծառայությունից խոսել, ասել՝ այսպես կամ այնպես արեցինք։ Մի 5-6 տարի առաջ գյուղամիջում կանգնած էինք, երբ համագյուղացիներիցս մեկը եկավ, գրկեց ինձ, թե՝ Ֆրունզ Սարգիսիչ, քո տղեն մի լավություն է ինձ արել, որ կյանքում չեմ կարող նրա լավության տակից դուրս գալ»,- ասում է հայրը՝ Ֆրունզիկ Նավասարդյանը։
Ծնունդով սահմանամերձ Բերդավան գյուղից Սարգիս Նավասարդյանին հիմնականում բնութագրում են երկու բառով՝ բարի ու հոգատար։ Ամուսնացած էր, ուներ 2 երեխա՝ Մերին ու Արենը։
«Աստծուց շնորհակալ եմ, որ հենց իրեն հանդիպեցի։ Հոգատար հայր էր, ուշադիր ամուսին։ Այնքան պարզ ու պայծառ էր տեսնում ամեն ինչ։ Ասում էր՝ չվախենաս, հետ կգամ, ես քեզ սիրում եմ»,- ասում է կինը՝ Արփինե Ղազարյանը:
Արցախ մեկնելուց առաջ ծնողներին խնդրել էր, որ այդ անգամ նրանք հավաքեն խաղողն ու գինի պատրաստեն։ Ընկերներով պետք է գային գյուղ՝ խնջույքի։
«Ամեն ինչ արեցի վերջացրի… գինին ու ամեն ինչ… Հաջորդ օրը լսեցինք լուրը»,- հուզմունքը մի կերպ զսպելով՝ ասում է մայրը՝ Համեստ Ալեքսանյանը։
Մինչ հերթապահ մասի ավագ տեսուչ լինելը, Վանաձորում եղել էր օպերլիազոր, ապա՝ ավագ օպերլիազոր։ Քաղաքում բոլորը ճանաչում էին նրան։ Վայելում էր հարգանք թե՛ գործընկերների և թե՛ բնակիչների շրջանում։
Սարգիս Նավասարդյանն ավարտել էր Տամբովի պետական համալսարանը, իրավաբանի մասնագիտություն էր ստացել։ Ուներ գերազանցության համար բազմաթիվ վկայականներ, ոստիկանությունում բարեխիղճ ծառայության համար՝ խրախուսանքներ։ Վերջինը՝ հետմահու։
Ոստիկանության Բազումի բաժնի Պատվո տախտակին փակցված են 2019 թվականի լավագույնների լուսանկարները, որոնց շարքում է նաև Սարգիս Նավասարդյանը։ «Վստահելի ու ծառայակցի կողքին ամուր կանգնող սպա էր», – ասաց պայթյունի պահին անմիջապես Սարգիս Նավասարդյանի կողքին նստած գործընկերը. «Նա մեր հուշերում կմնա որպես պարտաճանաչ, պարկեշտ, պատասխանատու, խելացի, բարեկիրթ, օրինակելի ոստիկան։ Նա վայելում էր մեր անձնակազմի սերն ու հարգանքը»։
Ոստիկանության բաժնում կփոխվեն ցուցանակներ, կլինեն այլ լավագույններ, իսկ Սարգիս Նավասարդյանը բոլորի հուշերում կմնա լավագույններից լավագույնը, որը կյանքը տվեց հանուն կյանքի։