Պուտինը միջազգային հանրությանը կոչ է արել մարդասիրական օգնություն ցուցաբերել Արցախին. ՏԱՍՍ

Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունը, որը ստորագրվել է 2020 թվականի նոյեմբերին, հետևողականորեն իրականացվում է: ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ, այս մասին Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Նրա խոսքով՝ Մոսկվան ակտիվ միջնորդական ջանքեր է գործադրել Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտությունը դադարեցնելու համար։

«Ինչպես հայտնի է, նոյեմբերին ստորագրվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ հայտարարությունը։ Կարևոր է, որ այն մեծ հաշվով հետևողականորեն իրագործվում է։ Հաջողվել է դադարեցնել արյունահեղությունը, իսկ դա ամենակարևորն է՝ լիակատար հրադադարի հասնելու և կայունացման գործընթացը սկսելու համար»,- ասել է Պուտինը։

«Այժմ միջազգային հանրությանը կարևորագույն խնդիրն է՝ օգնություն ցուցաբերել տուժած շրջաններին՝ փախստականների վերադարձի հետ կապված մարդասիրական խնդիրները լուծելու, ավերված ենթակառուցվածքների վերականգնման, պատմական, կրոնական և մշակութային հուշարձանների պահպանության և վերականգնման հարցերում»,- հավելել է նախագահը: