Վրաստանը հույս ունի առաջիկայում բացել Ռուսաստանի հետ սահմանը

Վրաստանի իշխանությունները հույս ունեն մոտ ժամանակներս բարձրացնելու Ռուսաստանի հետ ցամաքային սահմանի բացման հարցը, այն դեպքում, եթե դա թույլ տա կորոնավիրուսի հետ կապված համաճարակային իրավիճակը: Հունվարի 27-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Դուք գիտեք՝ Ռուսաստանի հետ սահմանի բացումը կախված է համաճարակային իրավիճակից: Հենց դա է ամբողջ խնդիրը: Ես հուսով եմ, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը մոտ ապագայում կկայունանա մեր երկրներում, և մենք կկարողանանք բարձրացնել սահմանի բացման հարցը»,- ասել է Աբաշիձեն:

Դիվանագետը նաև հավելել է, որ առաջին եռամսյակում ինքը պլանավորում է առցանց հանդիպում անցակացնել Դաշնության խորհրդի անդամ Գրիգորի Կարասինի հետ՝ չբացառելով, որ կքննարկի նաև սահմանի բացման հնարավորությունը: Այսօր Վրաստանի և Ռուսաստանի միջև անցման միակ սահմանային կետը՝ «Կազբեկ-Վերին Լարս»-ը, 2020 թվականի մարտից փակ է նոր կորոնավիրուսի համավարակի պատճառով: Վրաստանի Զբոսաշրջության ազգային վարչության տվյալներով՝ 2020 թվականին ՌԴ-ի քաղաքացիները կատարել են ավելի քան 209 հազար այց հանրապետություն, ինչը 85,8 տոկոսով պակաս է, քան 2019 թվականին: Վրաստանը ՌԴ-ի հետ կանոնավոր ավիահաղորդակցություն չունի: Այն ընդհատվել է 2019 թվականի հուլիսից ռուսական կողմի նախաձեռնությամբ: