Դեժավյու. 2007 թ.

Պատառիկ Սերժ Սարգսյանի հետ հարցազրույցից

– Կարո՞ղ եմ երկու ճակատային հարց տալ, պարոն Սարգսյան:

– Ինչո՞ւ չէ: 

– Ինչպիսի՞ն են Ձեր հարաբերությունները Ռոբերտ Քոչարյանի հետ:

– Ինչպիսին լինում են այն մարդկանց հարաբերություները, որոնք միմյանց հետ երկար ճանապարհ են անցել. անցել են կրակի, շատ փորձությունների միջով: Այդպիսին: Կարծում եմ` դուք էլ կասկած չունեք, որ այդպիսին է: 

– Հաջորդ «ճակատայինը». իսկ հնարավո՞ր է, որ Դուք առաջիկա նախագահական ընտրություններում Ձեր թեկնածությունը չդնեք, ինչպես «ենթադրում են» որոշ փորձագետներ:

-Չեմ կարծում: Համենայնդեպս, կլինի մեր կուսակցության համագումարը, և կուսակցությունը կկայացնի իր որոշումը: 

-Մեկ հատ էլ վատ հարց, լա՞վ:

-Լավ: Չնայած չեմ հասկանում, թե վատ հարց ինչո՞ւ են տալիս: 

-Այդպես հետաքրքիր է: Ահաև. որոշ փորձագետներ էլ տեսակետ են հայտնում, որ եթե ընդդիմությունը չզարթնի, նախագահականի միանշանակ ֆավորիտն ու «ընտրյալը» Դուք կլինեք: Մի ասեք, որ «եթեներով» հարցերի չեմ պատասխանում: Եվ այնուհանդերձ, եթե Դուք լինեք նախագահ, համամիտ կլինե՞ք, որպեսզի Քոչարյանի փորձն օգտագործվի վարչապետի պաշտոնում:

-Այդպիսի խնդիր չկա: Այդ մասին Ռոբերտ Քոչարյանը շատ հստակորեն ասել է. որ նման հարց գոյություն չունի: Ռոբերտ Քոչարյանն ինքը պետք է որոշի, թե իր փորձը որտեղ է օգտակար… Լավ հարցերի հերթը դեռ չեկա՞վ: 

– Եկավ, բայց նախ մեկ դիտարկում. տեսակետ կար, որ Դուք առանձնապես հումոր անել չեք սիրում, կարծես թե ստացվում է: Այսպիսով, լավ հարց` այսօր Ձեր ծննդյան օրն է,  ինչպես և որտեղ եք այն անցկացնելու:

– Համենյանդեպս, ոչ աշխատանքի վայրում: 

– Սիրո՞ւմ եք ծննդյան օրեր, և ո՞ւմ միջավայրում եք այն անցկացնում:

– Երևի թե սիրել-չսիրելու խնդիր չկա. ընդունված է պարզապես, որ այդ օրերը քիչ պետք է աշխատես, լինես բարեկամների, ընկերների շրջապատում, և այնպես անես, որ քիչ նեղության տաս ուրիշներին: 

– Ձեր հիսնամյակը դուք տոնեցիք Ռուսաստանում, ինչո՞ւ:

– Այդպե՞ս է եղել որ: Չեմ հիշում: Ես ճիշտն ասած` չեմ տոնել իմ հիսնամյակը. հատուկ տոն, խնջույք, որպես այդպիսին, չի եղել: Հնարավոր է իրերի բերումով ես լինեի ցանկացած տեղում: Հատուկ այդպիսի նպատակ, որ գնամ մի տեղ ծննդյան օր նշելու, անհնար է: 

– Պարոն Սարգսյան, տիեզերակարգն ասում է, որ Դուք խեցգետին եք` ձիով: Խեցգետինները, ի դեպ, ամենաառեղծվածայինն են բոլոր նշաններից: Դուք ձեզ ուսումնասիրե՞լ եք որպես անհատ, տեսակ: Ի՞նչն է Ձեր մեջ գերիշխում:

– Երևի թե բաց լինելը: 

– Ինչը~…

– Առեղծվածային չլինելը: 

– Վատ հարց առաջացավ. փորձագետների մեծ մասը ձեզ համարում է «գորշ կադինալ»:

– Գիտե՞ք, մարդու մասին շատ ու շատ կարծիքներ կարող են լինել, և ամենևին պարտադիր չէ, որ այդ կարծիքները համապատասխանեն իրականությանը: 

– Դուք հավատացյա՞լ մարդ եք:

– Այո: 

– Դա՞ էր պատճառը, որ կառավարության ծրագրի մեջ դրել էիք քրիստոնեության ամենամեծ բանալին՝ «Միասնություն` գլխավորում, ազատություն` երկրորդայինում և սեր` ամեն ինչում»: Որ դառնաք նախագահ, նախագահի ինստիտուտը, որ խաչ չի հանում, խաչ չի համբուրում, կփոխե՞ք:

– Ի՞նչ է նշանակում`«նախագահի ինստիտուտը խաչ չի հանում, խաչ չի համբուրում»: Որտեղի՞ց է ձեր մոտ այդ կարծիքը. հանրապետության նախագահը մասնակցում է մեր եկեղեցական բոլոր տոներին, և հետո դա այնքան անձնական խնդիր է, որ դրա մասին չարժե բարձրաձայն խոսել:

Լավ, վերջին հարցը. Դուք բանասեր եք. մենք այնքան քիչ ենք տեսնում Ձեզ այդ կարգավիճակում. հիմա` ե՞ք, թե` չեք:

-Եմ:

Կարմեն Դավթյան

2007 թ.