ՔԿ-ը մերժել է Միհրան Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը

ՀՀ քննչական կոմիտեն մերժել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին պաշտպանի միջնորդությունը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հակոբյանի պաշտպան Միքայել Շխիմյանը:

Նա նշեց, որ միջնորդություն էին ներկայացրել՝ վկայակոչելով Վարչական դատարանի որոշումը, համաձայն որի՝ ռազմական դրության պայմաններում հավաքների արգելքների մասին դրույթն այլևս չի գործում։

Նրա խոսքով՝ միջնորդությունը մերժվել է այն հիմքով, որ որոշումը հետադարձ ուժ չի կարող ունենալ, սակայն, պաշտպանը նշեց, որ բարելավվող որոշումները հետադարձ ուժ կարող են ունենալ:

Ինչ վերաբերում է հետագա անելիքներին, Շխիմյանը նշեց. «Այս պահին այլևս անելիք չկա, կսպասենք, երբ գործը կուղարկվի դատարան»:

Հիշեցնենք, որ Միհրան Հակոբյանը ձերբակալվել էր նոյեմբերի 20-ին՝ Նիկոլ Փաշինյանի դեմ հանրահավաքի ժամանակ: Նոյեմբերի 20-ին՝ ՔԿ-ում քննվող քրեական գործի շրջանակում,  Միհրան Հակոբյանը ձերբակալվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի կասկածանքով՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու համար։

Նոյեմբերի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, ոչ իրավաչափ էր ճանաչել Հակոբյանի ձերբակալությունը՝ արձանագրելով, որ առկա չէ հիմնավոր կասկած այն արարքում, որի շուրջ կասկածվում է Հակոբյանը, որպես խափանման միջոց կիրառվել էր ստորագրություն՝ չհեռանալու մասին։