Իմ առաջարկությունն էր, որ զինվորականներն իրենց ձեռքը վերցնեին իշխանությունը, բայց դա տեղի չունեցավ. Վազգեն Մանուկյան

Պատերազմի ավարտից երկու շաբաթ առաջ ես հոդված գրեցի, իմ առաջարկությունն էր, որ զինվորականներն իրենց ձեռքը վերցնեին իշխանությունը, որովհետև այլ երկրներում նույնանման դեպքերում, երբ զինվորականները տեսնում են, որ իրենց տանում են պարտության, զինվորականության վերնախավը իշխանությունը ժամանակավոր վերցնում է իր ձեռքը, օրինակ` Թուրքիայում մի քանի անգամ այդպես է եղել, Հայաստանում դա տեղի չունեցավ. այսօր Արարատի մարզում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու մեր բանակը չընդվզեց Նիկոլի Փաշինյանի դեմ, երբ պարզ էր, որ միտումնավոր տանում են կապիտուլյացիայի:

«Ես կարծում եմ` այն մարդիկ, որոնք կարող էին այդ որոշումն ընդունել, արդեն դուրս էին հանված բանակից, մնացածների համարձակությունն ու քաղաքացիական ազգային զգացողությունները երևի այդքան հզոր չէին, որ նույնը անեին: Պատերազմի ժամանակ ես հեռախոսի միջոցով կապվում էի Արցախի գեներալների հետ և ասում՝ վերցրեք իշխանությունը ձեր ձեռքը, մի թողեք Արայիկ Հարությունյանը սրա հրամանները կատարի, և Արցախը կորցնի իր ինքնուրույնությունը, ցավոք սրտի, դա չեղավ, և ես կարծում եմ, որ դա մեր բանակի թերությունն է»,- նշեց նա:

Պատասխանելով հարցին, թե ի՞նչ պետք է անենք, որ բանակը վերականգնենք, Վազգեն Մանուկյանը պատասխանեց, որ պետք է բանակը կառուցենք այնպես, ինչպես 1991-92 թվականներին, պետք է շատ զենք և զինամթերք ձեռք բերենք.

«Մասամբ անվճար, մասամբ էժան գներով պետք է Ռուսաստանից զենք վերցնենք: Շատ կարևոր են նաև դաշնակիցները, մեր  գլխավոր դաշնակիցը հիմա Ռուսաստանն է և մոտակա հինգ տարում այդպես էլ լինելու: Պետք է դպրոցական կրթության մեջ վերականգնել հայրենասիրությունը, այն, ինչ արել ենք 1990-ականներին: Ես տեսնում եմ շատ երկրներ, որոնք շահագրգռված կլինեին, որ այդ տարածաշրջանում Հայաստանը լիներ ուժեղ, պետք է օգտվել այդ երկրների օգնությունից ևս»: