«Ռուսաստանը շահագրգռված է Լեռնային Ղարաբաղի իրավիճակի հարցում Իրանի հետ երկխոսության խորացմամբ». Լավրով

Մոսկվան և Թեհրանը ընդգծում են մի շարք տարածաշրջանային հարցերի, այդ թվում`Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ երկխոսությունը խորացնելու իրենց փոխադարձ շահագրգռվածությունը: Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ բացելով բանակցություններն Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Հաշվի առնելով հարակից տարածաշրջանում մեր երկրների դերը` մենք շահագրգռված ենք խորացնել երկխոսությունը այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են Պարսից ծոցում անվտանգությունը, Աֆղանստանի կարգավորման խնդիրները և, իհարկե, կարող ենք քննարկել Լեռնային Ղարաբաղի շուրջ  իրավիճակը, որը ստեղծվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածություններից հետո»,-ասել է ՌԴ արտգործնախարարը:

«Սիրիայի կարգավորման, Եմենի, Մերձավոր Արևելքում այլ հակամարտությունների վերաբերյալ իրանցի մեր ընկերների հետ շարունակական մտքերի փոխանակումը մեզ համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում, առաջին հերթին Պաղեստինի կարգավորման վերաբերյալ որոշումները կանխելու անհրաժեշտության տեսանկյունից»,-ավելացրել է նախարարը:

Նա նաև մատնանշել է ռուս-իրանական փոխգործակցության կարևոր դերը ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ահաբեկչության, թմրանյութերի ապօրինի շրջանառության և կազմակերպված հանցավորության այլ տեսակների դեմ պայքարի միջազգային հարթակներում:

Լավրովը նշել է նաև, որ Մոսկվան և Թեհրանը անկեղծորեն շահագրգռված են բոլոր մասնակիցների կողմից իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի լիարժեք իրականացմամբ:

«Այսօր ամենահրատապ թեմաներից մեկը Իրանի միջուկային ծրագրի շուրջ կարգավորմանն ուղղված Գործողությունների համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրը փրկելու խնդիրն է: Ե՛վ մենք, և՛ Իրանն անկեղծորեն շահագրգռված ենք, որ բոլոր կողմերը, որոնք ստորագրել են այն, վերադառնան  իրենց պարտավորությունների լիարժեք կատարմանը»,-ասել է ՌԴ արտգործնախարարը: