Քարին տակի հերոսամարտի օրը արցախցիները նշեցին Եռաբլուրում

Քարին տակ գյուղի ինքնապաշտպանութան օրվա առթիվ մի խումբ արցախցիներ այցելել էին Եռաբլուր զինվորական պանթեոն։ Այնտեղ էր նաև Շուշիի նախկին քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը։

«Ես ուզում եմ խոնարհվել մեր բոլոր նահատակների առաջ ու ասել՝ այսօր մեզ մենք մեղավոր ենք զգում, որ 29 տարի հետո այս գյուղը գտնվում է ադրբեջանցիների ձեռքին, որովհետև դա քարինտակցու կռիվը չէր, քարինտակցին մենակ էր մնացել։ Պետք է պլաններ մշակել, որ նորից ու նորից անցնենք մեր ազատման գործողություններին։ Քարին տակում ընդհանրապես ադրբեջանցիներ չեն ապրել, ու այսօր այդ նենգ ազգն ավերում է գյուղը, սրբավայրերը։ Այս օրվա առթիվ Քարին տակում հուշարձան կար, որն ամբողջությամբ քանդել են ու լցրել դիմացի ձորը։ Ավերում են ամբողջ գյուղը, քանդում են հայկական գերեզմանները»,-ասաց նա։

Հարցին, թե շուշեցիները կհամաձայնեի՞ն, որ ադրբեջանցի փախստականները վերադառնային, սակայն քաղաքը մնար հայկական վերահսկողության տակ, Սարգսյանն ասաց, որ եթե հայտարարեին, որ այսքան ահավոր պատերազմ է լինելու, գուցե կհամաձայնեին։ «Ես կհամաձայնեի։ Ադրբեջանցին չէր համարձակվի գալ ու ինձ իմ տնից հանել։ Բացի այդ՝ Շուշիում ազատ բնակֆոնդ չկար՝ 2008-ից։ Հիմա, երբ գնանք, թուրքն արդեն իմ տանը նստած է։ Ոչ մեկս չէր պատկերացնում, որ անառիկ բերդը պետք է հանձնվեր։ Մարդիկ չէին ուզում տներից դուրս գալ, լացելով էին գնում»,-ասաց Շուշիի նախկին քաղաքապետը։

Նա կարևորեց ազգի համախմբումը՝ նշելով․ «Չպետք է տարբերություն դնենք՝ արցախցի, հայաստանցի, ստեփանակերտցի, երևանցի, մենք մի ազգ ենք, տղաները մի ազգի համար են զոհվել։ Մենք պետք է մի բռունցք դառնանք, որ կարողանանք հետագայում մեր հաղթանակները ձեռք բերել»։