Այսօր Քարին տակի հերոսամարտի օրն է

«Արցախպրես»-ը գրում է. «24 տարի առաջ այս օրը Շուշիի շրջանի Քարին տակում կայացել է ռազմական առումով անհավանական գործողություն: Հայ ժողովրդի պատմության մեջ 1992 թվականի հունվարի 26-ը ամրագրվել է, որպես Քարին տակի հերոսամարտի օր, իսկ Ադրբեջանը, ելնելով նույն օրն ունեցած հարյուրավոր զոհերի քանակից և խայտառակ պարտությունից, 1992 թվականի հունվարն անվանել է ‹‹արյունոտ հունվար››, իսկ Քարին տակը՝ ‹‹արյունոտ ձոր››։

Քարին տակը Շուշիին ամենամոտ գյուղն է: Շուշիի կիրճում՝ Կարկառ գետի ձախ ափին է ծվարած արծվաբույն Քարին տակը: Առաջին հայացքից աննշան ու փոքրիկ այս հայկական գյուղն 90-ական թվականներին իսկական պատուհաս էր դարձել ազերիների համար:

Ազերիները բազմաթիվ սադրանքների էին դիմել իր սար ու քարին կառչած քարինտակցուն տեղահանելու համար: 1992 թվականի հունվարի 26-ին ազերիները, գյուղը չորս կողմից շրջապատելով, ցանկանում էին բնաջնջել իրենց ամենից շատ անհանգստացնող քարինտակցիներին: Քարինտակցիները մեկ մարդու պես ոտքի են կանգնել: Մեծ ու փոքր, մահն աչքների առաջ, անհավասար մարտի են ելել ադրբեջանական ոհմակի դեմ և ութժամյա կատաղի դիմադրությունից հաղթող դուրս եկել: Շուշիից գլորվող քարե հեղեղն ու վառվող անվադողերը ոչ թե վախեցրել և խուճապի են մատնել քարինտակցիներին, այլ ինքնապաշտպանական ջոկատ և պաշտպանական դիրքեր ստեղծելու մտահղացման պատճառ են դառձել:

Արդյունքում՝ 1989 թվականին ստեղծվել է Քարին տակի ինքնապաշտպանական ջոկատը: Գյուղը մինչ 1992 թվականի հունվարյան հայտնի դեպքերը պարբերաբար ստուգումների է ենթարկվել խորհրդային բանակի զինվորների, հետագայում նաև օմոնականների կողմից՝ նպատակ ունենալով զինաթափել գյուղը, մինչդեռ գյուղացիները վարպետորեն կարողացել են թաքցնել տարբեր միջոցներով ձեռք բերված որսորդական, ինքնաշեն հրացանները, նռնակներն ու ինքնաձիգները: Գյուղի բնակիչները շատ լավ են հիշում հունվարյան այս օրը. 1992թ. հունվարի 25-ի լույս 26-ի գիշերը Քարին տակ գյուղում իրադրությունն անհանգիստ էր: Շուշիի սարահարթից հակառակորդն անցել էր նախադեպը չունեցող հարձակման:

1992թ. հունվարի 26-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Մեհթիևի անմիջական ղեկավարությամբ մշակվում է մարտական գործողությունների պլան, համաձայն որի՝ հաշված ժամերի ընթացքում պլանավորվում է հայաթափել գյուղը: Հակառակորդը, մինչև ատամները զինված երկու կանոնավոր գումարտակով՝ մոտ 600 զինվոր, սկսում է ռմբակոծել Քարին տակը:

Հակառակորդը, գյուղի մատուցներում թողնում է 150-ից ավելի զոհ և մեծ քանակությամբ զենք ու զինամթերք և դիմում փախուստի: Հայկական կողմը նույնպես զոհեր և վիրավորներ է ունեցել այդ օրը: Զոհեր են եղել նաև խաղաղ բնակիչներից, ովքեր մինչև վերջ գտնվելով գյուղում’ օգնել են հայ տղաներին: Արցախյան ազատամարտի տարբեր ռազմագործողություներում իրենց կյանքն են զոհել 45-ից ավելի քարինտակցիներ»:

Արցախյան տարեգրության մեջ հունվարի 26-ը կոչվել է Քարին տակի հերոսամարտ: Քարին տակի հերոսամարտում զոհվել է գյուղի ինքնապաշտպանության ջոկատի հրամանատար, Գերագույն խորհրդի պատգամավոր Վաղարշակ Առուշանյանը: