ԵԽԽՎ-ը մտահոգություն է հայտնում ՀՀ Սահմանադրական դատարանի կազմի արագ փոփոխությունների հետ կապված

ԵԽԽՎ-ը նախօրեին ընդունեց Վեհաժողովի մոնիտորինգի ընթացակարգի առաջընթացի զեկույցը (2020 թ. հունվար-դեկտեմբեր), որում ներկայացվում է ԵԽ մի շարք անդամ երկրների, այդ թվում Հայաստանի վերաբերյալ զարգացումները։

Նշվում է, որ Մոնիտորինգի կոմիտեն հետևել է 2020 թ. սեպտեմբերի 27-ին Լեռնային
Ղարաբաղի տարածաշրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև բռնկված ռազմական գործողությունների հետ կապված զարգացումներին: Այն նախաձեռնել է թեմայի շուրջ ընթացիկ բանավեճ, կազմակերպել է մտքերի փոխանակություն երկու կողմերի խորհրդարանականների մասնակցությամբ, և Հայաստանի և Ադրբեջանի հարցերով դիտորդական զեկուցողները հանդես են եկել հակամարտության խաղաղ կարգավորման կոչերով:

Վեհաժողովը ողջունում է  Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարում առաջընթացը, ոստիկանության ուժերի բարեփոխման 2020-2022 թվականների ռազմավարության ընդունումը, որը նախատեսում է ստեղծել նոր ՆԳ նախարարություն, քաղաքական ֆինանսավորման թափանցիկությունը բարձրացնելու Հայաստանի ԱԺ հայտարարած մտադրությունը և Եվրոպայի խորհրդի Լանցարոտեի կոնվենցիայի վավերացումը։

Միևնույն ժամանակ, վեհաժողովն իր մտահոգությունն է հայտնում՝ առանց Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը լիարժեք հաշվի առնելու՝ ՀՀ Սահմանադրական դատարանի կազմի արագ փոփոխությունների հետ կապված։ Այն նաև մտահոգություն է հայտնել նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությունից հետո ինստիտուցիոնալ շենքերի գրոհի և Ազգային ժողովի նախագահի դեմ ֆիզիկական ագրեսիայի հետ կապված։

Վեհաժողովը Հայաստանին կոչ է անում շարունակել հետևել իր ընտրած ժողովրդավարական ուղին և լուծել քաղաքական ճգնաժամը, որը հաջորդեց եռակողմ հայտարարության ստորագրմանը՝ ժողովրդավարական պետության շրջանակներում, որը հարգում է օրենքի գերակայությունը:

Վեհաժողովը նաև Ադրբեջանին և Հայաստանին կոչ է անում զերծ մնալ հռետորաբանությունից, որը խոչընդոտում է քաղաքական երկխոսությունը։

Այն Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում հնարավորինս արագ կյանքի կոչել հումանիտար հարցերին վերաբերող եռակողմ հայտարարության դրույթները, նշելով, որ ներգրավված բոլոր կողմերն անմիջապես գործի դրեն ռազմագերիների և մարմինների փոխանակումը, հարգեն մշակութային ժառանգությունը։

Այն մոնիտորինգի հանձնաժողովին հրավիրում է ուսումնասիրելու ուղիներ՝ խորհրդարանական մակարդակով նպաստելու խաղաղ գործընթացին։

Վեհաժողովն իր լուրջ մտահոգությունն է հայտնում այս հակամարտության ընթացքում բոլոր կողմերի կողմից մարդասիրական և մարդու իրավունքների օրենսդրության խախտումների մասին հաղորդագրությունների և մեղադրանքների, ինչպես նաև որոշ կրոնական վայրերի ու հուշարձանների վնասման, ինչպես նաև մասնավոր սեփականության ոչնչացման մասին, և ակնկալում է, որ այդ զեկույցները լիարժեքորեն  կհետաքննվեն և տեղի ունեցած ցանկացած խախտում կվերացվի ու հանցագործները կենթարկվեն պատասխանատվության: