Ուզում ես՝ ամբողջ Հայաստանը հանձնիր թշնամուն, ուզում ես՝ բնակչության կեսին զոհիր, միևնույն է՝ ոչ մի բան չի խանգարի քեզ շարունակել մնալ աթոռին. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Հայաստանն իրականում խորհրդարանական երկիր չէ: Մեր կառավարման համակարգը վարչապետական է: Իրականում տերմինաբանությունը բացարձակ կարևոր չէ. Հայաստանի 3 նախագահները և ներկայիս վարչապետն օժտված էին և են Կենտկոմի առաջին քարտուղարի իրավասություններով, չունեն իրենց իշխանությունը հավասարակշռող որևէ բևեռ (1995 թվականից սկսած Ազգային ժողովն իր հլու-հնազանդ մեծամասնությամբ զուտ խորհրդանշական բնույթ է կրում), չկան նաև առաջին դեմքերին պատասխանատվության ենթարկելու և պաշտոնից հեռացնելու լուրջ իրավական մեխանիզմներ:

Ուզում ես՝ ամբողջ Հայաստանը հանձնիր թշնամուն, ուզում ես՝ բնակչության կեսը զոհիր, միևնույն է՝ ոչ մի բան չի խանգարի քեզ շարունակել մնալ աթոռին: Բայց եկեք մի պահ ենթադրենք, որ Հայաստանն իսկապես խորհրդարանական երկիր է, և ընտրողներն այս կամ այն քաղաքական ուժին ձայն են տալիս՝ կողմնորոշվելով նախընտրական շրջանում իրենց հրապարակած ծրագրով:

Այդ դեպքում կստացվեր, որ Հայաստանի 884 864 քաղաքացի քվեարկել է 2018 թվականի ընտրություններում ներկայացված «Իմ քայլը» դաշինքի ծրագրին, որում, մասնավորապես, Արցախի հարցում գրված է հետևյալը. «Արցախի ժողովրդի, միջազգային իրավունքի նպատակներին և սկզբունքներին համապատասխան, ինքնորոշման իրավունքի իրականացման նպատակով մեր քայլերն ուղղվելու են՝

1. Ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացի շարունակական իրականացմանը

2. Արցախի` որպես հակամարտության հիմնական կողմի` կարգավորման գործընթացում որոշիչ ձայնի ճանաչմանը և բանակցություններին ներգրավվածության ապահովմանը

3. Հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի նվազեցմանը և հետաքննման մեխանիզմների ներդրմանը

4. Արցախի բնակչության ֆիզիկական անվտանգության արտաքին սպառնալիքների չեզոքացմանը

5. Արցախի միջազգային կապերի, բնակչության ազատ տեղաշարժի և հումանիտար շփումների օժանդակմանը»։

Հիմա ասացեք, խնդրեմ, այդ ծրագրի ո՞ր կետերն են կատարվել: Գուցե «Արցախի բնակչության ֆիզիկական անվտանգության արտաքին սպառնալիքների չեզոքացո՞ւմը»: Քանի որ ոչ մի կետ չի կատարվել, և վիճակը բոլոր տեսակետներից օրհասական է, ըստ դասական քաղաքական տրամաբանության, հաջորդ ընտրություններում ընտրողները չպիտի ձայն տան «Իմ քայլին»: Բայց Հայաստանում ոչ մի դասական տրամաբանություն չի գործում»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: