Ի՞նչն է դրդել նախկին նախարարին խոսելու, այս դեպքում՝ ինքնապաշտպանվելու․ Տիգրան Աբրահամյանը՝ Դավիթ Տոնոյանի մասին

Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով նախկին ՊՆ Դավիթ Տոնոյանի այսօրվա հարցազրույցին՝ գրում է․

«Դավիթ Տոնոյանը խոսեց։ Չէի ասի, թե նա այս հարցազրույցով էական տեղեկատվություն փոխանցեց հանրության համար կարևորություն ներկայացնող թեմաների շուրջ, բայց հույս ունեմ, որ նա առաջիկայում մի շարք խնդրահարույց թեմաների շուրջ դեռ կծավալվի։

Մեկ կարևոր հանգամանք կա, որ իսկզբանե պետք է հստակեցվի՝ ի՞նչն է դրդել նախկին նախարարին խոսելու, այս դեպքում՝ ինքնապաշտպանվելու։

Երկրորդ, արդյո՞ք դա կապված է ավելի վաղ, իր անձի հետ կապված դեմքի/դեմքերի գործով հարուցված քրեական գործին, արդյո՞ք սա պայմանավորված է իր դեմ՝ նաև իշխանության հպումով իրականացվող հակաքարոզչությանը, մասնավորապես, որպես պարտության հիմնական մեղավորի։

Հայաստանի վարչապետն արդեն մի քանի անգամ հրապարակային հարցադրում է արել, նշելով, որ ինքը առաջին պատասխանատուն է, սակայն արդյո՞ք առաջին մեղավորն է՝ սլաքն ուղելով Զինված ուժերի գլխավոր շտաբի և Պաշտպանության նախարարության ուղղությամբ՝ հասկանալի է, որ առաջին հերթին այդ կառույցների առաջին դեմքերի դեմ։

Եվ երրորդ, արդյո՞ք Դավիթ Տոնոյանը հանրությանը տեղեկատվություն փոխանցելու գործառույթը կարևորել է և առաջնորդվել է այս սկզբունքով»։