Հայ ռազմագերիների վերադարձի հարցը չընդգրկվեց ԵԽԽՎ օրակարգում

Այսօր Ստրասբուրգում մեկնարկեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը, որն անցկացվում է հիբրիդային տարբերակով՝ հունվարի 25-ից 28-ը, թույլ տալով անդամներին հեռակա մասնակցել կամ անձամբ ներկա լինել Ստրասբուրգում:

Նշենք, որ ի լրումն հիմնական օրակարգի, ներկայացվել էին յոթ առաջարկներ, որոնց մեջ էր ներառված «Ադրբեջանի իշխանությունների կողմից հայ ռազմագերիների և այլ գերիների հայրենադարձության անհիմն ձգձգումը` որպես Մարդու իրավունքների եվրոպական միջազգային ստանդարտների խախտում»։

ԵԽԽՎ բյուրոն, սակայն, հավանություն չէր տվել այս քննարկման անցկացմանը։

Բայց ահա առաջարկել էր անցկացնել երկու ընթացիկ հարցերի քննարկումներ՝ Նավալնու ձերբակալման ու «Խոսքի ազատությունը (ՄԻԵԴ 10-րդ հոդված) «Big Tech» ընկերությունների կողմից սպառնալիքի տակ» թեմաներով։