Արցախում մեկնարկել է արագ կառուցվող առանձնատների բնակարանաշինական նոր ծրագիր

Արցախի Ասկերանի շրջանի Հովսեփավան համայնքում մեկնարկել է արագ կառուցվող առանձնատների բնակարանաշինական փորձնական ծրագիր: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը:

«Առաջին փուլով նախատեսվում է թեթև կոնստրուկցիաներով 5 փայտե առանձնատուն կառուցել: Ֆիննական կացարանների կատարելագործված՝ արցախյան տարբերակով առանձնատները կունենան 80 քառակուսի մետր բնակտարածք՝ 2 ննջասենյակով, հյուրասենյակով, խոհանոցով ու ներքին սանհանգույցով: Բացի այդ, նախատեսված է 1000 քառակուսի մետրի չափով տնամերձ տարածք: Քաղաքաշինության նախարարությունն առաջին փուլում փայտյա շինանյութով կառուցվող տները պատվիրել է տարբեր մոդելներով: Ըստ այդմ՝ որոշվելու է, թե դրանցից որն է համապատասխանում Արցախի բնակլիմայական պայմաններին ու տեղի պահանջներին: Այնուհետև, ըստ ընտրված տարբերակի՝ մոտ երեք տարվա ընթացքում նախատեսվում է կառուցել ավելի քան 7000 այդպիսի առանձնատուն»,-մանրամասնեց քաղաքաշինության նախարարը: Նրա խոսքով, առայսօր պատերազմի հետևանքով վնասված տների վերաբերյալ քաղաքաշինության նախարարությունում գրանցվել է 4300 դիմում:

«Ընթացքավորվել է շուրջ 2000 դիմում: Ընդ որում, շուրջ 1200 օբյեկտների վերականգնման աշխատանքներն ավարտված են: Մոտ 800 դիմումատուների տրամադրվել է համապատասխան շինանյութ՝ սեփական ուժերով վերանորոգումն իրականացնելու համար: Ներկայումս շինարարական աշխատանքներ են ընթանում պատերազմի հետևանքով վնասված շուրջ 800 օբյեկտում»,- հավելեց Սարգսյանը: