Հուսահատվելն ու հայրենիքից հեռանալը խնդիրը լուծելու ճանապարհ չէ, սա փախուստ է խնդրից

Հոգեպես մանրանում ու ճահճանում են միայն ներկայով կլանված հասարակությունները։

Գարեգին Նժդեհ։

Վերջին շրջանում հաճախ եմ լսում  «ճամփեքը բացվելուն պես գնալու եմ երկրից» արտահայտությունը, որը կապված է խայտառակ կապիտուլյացիայի, հողատու ռեժիմի առկայության, տնտեսության գահավիժման և ինչու չէ ընդդիմադիրներիս ոչ արդյունավետ գործելու հետ։

Չմեղադրելով նման կարծիք ունեցողներին՝այնուամենայնիվ, համամիտ չեմ նրանց հետ։

Հայաստանն Արարչի  կողմից  մեզ տրված հայրենիքն է և մեր նպատակը որպես ազգ՝ ապրել ու արարելն է մեր հայրենիքում՝պաշտպանելով ու շենացնելով այն։

Պարտություններից հետո արտագաղթի ճամփան բռնելը նոր երևույթ չէ, այն եղել է միջնադարում և անշուշտ թուլացրել է մեր ազգային դիմադրողականությունը։

Մենք թուլացանք որպես ազգ, երբ 1021թ. Արծրունիները Վասպուրականի թագավորությունը հանձնեցին Բյուզանդիային , իսկ Սենեքերիմ Արծրունին 14 հազար մարդկանց հետ գաղթեց Սեբաստիա։

Թուլացանք,երբ Անին հանձնեցինք և սփռվեցինք աշխարհով մեկ՝ Կիլիկիայից մինչև Կիևյան Ռուսիա և Լեհաստան։

Դարեր անց մեզնից ոմանք փորձում են հերթական անգամ բախտ որոնել «օտար ամայի ճամփեքին»։

Այսօր էլ Շուշին են հանձնել թուրքին, հիմա ի՞նչ, պետք է հերթական անգամ լքե՞նք մեր հայրենիքը։

Հուսահատվելն ու հայրենիքից հեռանալը խնդիրը լուծելու ճանապարհ չէ, սա փախուստ է խնդրից։

Իսկ խնդրի լուծումը հետևյալն է. մնալ , ապրել ու պայքարել Հայաստանում ու հանուն Հայաստանի։

Հեշտ է լինելու՞։ Իհարկե ՝ ոչ։

Բայց այլ ճանապարհ չկա։

Պետք է ապրել Հայաստանը հողատուից ազատելու, հայրենիքը շենացնելու և Շուշին հետ վերադարձնելու նպատակով։

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից