Թուրքիայում փորձարկել են սեփական արտադրության առաջին հածանավը

Թուրքիայում ջուրն են իջեցրել տեղական արտադրության առաջին ռազմանավը, որն ստացել է «Ստամբուլ» (F-515) անվանումը: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, արարողությանը ներկա է եղել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Մեզ համար ուժեղ լինելը ռազմական, տնտեսական և դիվանագիտական ոլորտներում ոչ այնքան ընտրություն է, որքան անհրաժեշտություն»,- ասել է Էրդողանը:

Նրա խոսքով՝ 2002 թվականին երկիրը 20 ծրագիր է իրականացրել պաշտպանական արդյունաբերության ոլորտում, իսկ այսօր այդ թիվը հասել է 700-ի:

«Մենք ընդգրկվել ենք 10 երկրների թվում, որոնք կարող են նախագծել, կառուցել և սպասարկել սեփական ռազմանավերը: Մենք ընդգրկվել ենք 3-4 առաջատար երկրների շարքում, որոնք անօդաչուներ են արտադրում, այդ թվում՝ հարվածային»,- ասել է Էրդողանը:

Նշվում է, որ «Ստամբուլ» հածանավը դարձել է 5-րդ ռազմանավը, որը ջուրն է իջեցվել ռազմանավերի շինարարության MİLGEM ազգային ծրագրի շրջանակներում: Հածանավը Թուրքիայի ռազմածովային ուժերի հրամանատարությանը կփոխանցվի 2023 թվականին: