Իշխանության դեմ պետք է պայքարել այնպես, ինչպես սոսկալի թշնամու դեմ. բժիշկ Գեորգի Պողոսյան

«Մենք գործ ունենք աղանդավորների հետ, որոնց պրակտիկորեն ուղղել հնարավոր չէ»,- հանրության կողմից ճանաչված գիտնականների, մշակույթի և արվեստի գործիչների, իրավաբանների հանդիպմանն ասաց բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Գեորգի Պողոսյանը։

Նրա խոսքով, իշխանության անդամները համաձայն են ամեն ինչ անել, տալ, մենակ թե Փաշինյանը մնա իր պաշտոնում։

«Մենք գործ ունենք մարդկանց հետ, որոնց համոզել հնարավոր չէ։  Պետք է վերջ տանք այն մտքին, որ գործ ունենք վատ աշխատող մարդկանց հետ։ Նրանք շատ լավ են աշխատում, նրանք թշնամի են, և պետք չէ իրենց դարձնել ինչ-որ մարդիկ, որոնք սխալվել են, չեն իմանում ինչպես ղեկավարել։ Նրանք թշնամիներ են, թշնամիների դեմ օրինական ճանապարհով պայքարելը, ավաղ, մեկ-մեկ լինում է  շատ դժվար»,- ասաց հայտնի բժիշկը։

Նա նշեց, որ գործ ունենք ներսի թշնամու հետ, ապա հիշեցրեց Գարեգին Նժդեհի խոսքերը՝ «Հայի թուրքն ամենասոսկալի երևույթն է»։

«Հենց դրա հետ գործ ունենք։ Իսկ մենք իրենց ուզում ենք հաղթել ինտելիգենտ ձևով։ Բայց դա հնարավոր չէ։ Նրանց դեմ պետք է պայքարել այնպես, ինչպես սոսկալի թշնամու դեմ»,- ասաց Գ. Պողոսյանը։