Հայաստանը պատերազմի թատերաբեմ դառնալու վտանգի տակ է. Ռուբեն Մելքոնյան (տեսանյութ)

«Չի կարելի մեկնաբանել բացահայտ տգիտությունը, այն, որ Շուշին ադրբեջանական քաղաք է»,- ասուլիսում ասաց թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանն՝ անդրադառնալով Շուշիի մասին Նիկոլ Փաշինյանի  հայտարարությանը։«Պետք է հստակ ֆիքսել՝ Շուշին, ինչպես նաև ամբողջ Արցախը բուն հայկական տարածք է, հայկական բնօրրան է, քննարկել՝ Շուշին ադրբեջանական է եղել, չի դիմանում որևէ քննադատության, հեռու է պատմական օբյեկտիվությունից, փաստերի տրամաբանական  շարադրանքի մոտեցումներից։

Շուշին ոչ միայն եղել է  հայկական կարևոր քաղաքներից մեկը, կան  բազմաթիվ փաստեր, որ Շուշին Անդրկովկասի կրթական կենտրոններից է եղել»,- ասաց թուքագետը։

Ըստ Ռ.Մելքոնյանի, Շուշիի պատկանելիության հարցը վերցնել կասկածի տակ՝ բացահայտ փաստերի խեղաթյուրում է։

«Չի կարող պետական պաշտոնյան նման անլրջությամբ մոտենալ այդ հարցերին, հատկապես խիստ զգայուն հարց է, ու ԱԺ ամբիոնից խոսել գիտելիքների նման ցածր պաշարով նման զգայուն հարցերի մասին»,-ասաց Մելքոնյանը, շեշտելով, որ խորհրդային ղեկավարներն ամեն կերպ  պահպանել են, պաշտպանել են Արցախի, այդ թվում Շուշիի  հայկական պատկանելիության մասին թեզը գիտական, օբյեկտիվ փաստերի վրա հիմնված։

«Այն, ինչ հնչում է  ԱԺ-ում, ճիշտ և ճիշտ համապատասխանում է  ադրբեջանական դիրքորոշմանը, ինչ ասել են ադրբեջանցիները տարիներ շարունակ, օրեր առաջ Ալիևն իր տիկնոջ հետ թեյ էր խմում ու հայտարարում էր նույնը»,- ասաց Ռ. Մելքոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում