Իշխանության օրակարգն անհասկանալի մնաց. Հայկ Կոնջորյանի պատասխանները զարմացրին Պետրոս Ղազարյանին․ՄՊ

Հանրային հեռուստաընկերության եթերում հունվարի 21-ին Պետրոս Ղազարյանի հյուրը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանն էր։ Թեման էր՝ ներքաղաքական զարգացումներ, իշխանության օրակարգը։ Իշխանական պատգամավորը մեղադրանքներ հնչեցրեց ընդդիմության հասցեին։ «Հայաստանում որոշ խմբեր իրենց գործունեությամբ սպասարկում են հակառակորդ պետության շահը, որովհետև Հայաստանի զարգացման, այս վիճակից դուրս գալու, մեր ժողովրդի վերածնման ամենակարևոր, անկյունաքարային հանգամանքներից մեկը դա ներքաղաքական կայունությունն է»։ Պետրոս Ղազարյանը մի քանի անգամ հարցրեց․ «Ինչո՞ւ եք դուք պահանջում, որ ընդդիմությունը թեկնածու չառաջադրի։ Ինչ կապ ունի ընդդիմության թեկնածու առաջադրել-չառաջադրելը, ընդդիմությունն ասում է էսպես, խորհրդարանական ընդդիմությունը չի համաձայնում, խորհրդարանից դուրսը չի համաձայնում, կոնսենսուս չկա, երկիրը կանգնած է անորոշության մեջ, վերջիվերջո հասկանալի չի, լինելո՞ւ է արտահերթ ընտրություն, չի լինելու, հրաժարական տալո՞ւ է, չի տալու, ամենաավատ բանը անորոշությունն է, և մենք էլի կանգնեցինք անորոշության առջև»։ Հայկ Կոնջորյանն իր խոսքում նշեց․ «Երբ մարդիկ գերիների թեմայի վրա փորձում են քաղաքական դիվիդենտներ շահել, դա բերում է նրան, որ գերիներին վերադարձնող կողմը հասկանում է, որ Հայաստանի ներքաղաքական կյանքն անընդհատ փոթորիկների մեջ է, որովհետև իրենք գերիներին ձգձգում են հետ վերադարձնել»։ Պետրոս Ղազարյանն արձագանքեց․ «Ախ, ընդդիմադիրներն են մեղավոր, որ Ադրբեջանը գերիներին չի տալիս»։ Կոնջորյանը պատասխանեց․ «Ոչ, ընդդիմադիրները չեն միակ մեղավորը, որոշ ընդդիմադիրների կողմից գերիների հարցի մանիպուլյացիայի և արհեստական ուռճացման պատճառով»։ Պետրոս Ղազարյանը շարունակեց․ «Ինչի՞ ա դա մանիպուլյացիա, մարդիկ ասում են՝ բերեք գերիներին, դա մանիպուլյացիա՞ է։ Դուք ի՞նչ եք առաջարկում. ընդդիմությունը լուծարվի, որ դուք դիսկոմֆորտ չզգա՞ք»։ Պատգամավորը պատասխանեց․ «Բացարձակապես, ընդդիմությունը պիտի և պարտավորություն ունի գերիների հարցով հրապարակային գործունեություն ծավալի, ընդդիմությունը պետք է միջազգային կառույցներին, Հայաստանում գործող դեսպաններին, դեսպանատներին, անընդհատ օրուգիշեր ներկայացնի գերիների հարցը»։ Պետրոս Ղազարյանը հարցրեց․ «Իսկ նա իրավունք ունի՞ ասել՝ իշխանություն, դու չես կարողանում, թող ես անեմ։ Նրբություն կա, որի մասին դուք չեք խոսում, գերիների հարցը առաջնային հայտարարության մեջ ամրագրված է, նախ ընդդիմությունն ասում է՝ հարգելի իշխանություն, ինչո՞ւ դուք էստեղ ևս ժամկետներ չնշեցիք, քանի որ հողերը տալու առումով ժամկետներ նշված էին, երկրորդը՝ եթե առաջին հայտարարությունը Ադրբեջանը չի անում, գերիներին չի վերադարձնում, եթե Ալիևը շարունակում է հակահայկական հռետորաբանությունը, ատելության խոսքը, ակնհայտ թշնամանքը, ինչո՞ւ ենք մենք գնում շարունակության, գնում ստորագրում ապագային միտված փաստաթուղթ, երբ քո գերիներին էդ պետությունը չի տալիս»։ Պատգամավորը պատասխանեց․ «Էստեղ հարցի ամբողջ նրբությունը կայանում է նրանում, որ սա գործընթաց է, ինչպես գերիների հարցն է գործընթաց, էնպես էլ նույն ամսի 11-ի հայտարարությունը, կան գործընթացի օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքներ, և այո, ամենակարևոր հանագամանքն այն է, որ Ադրբեջանը շարունակում է որոշակի պայմանավորվածություններ խախտել, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է դուռը շրխկացնենք, դեմարշ անենք, հրաժարվենք նաև մեր ռազմավարական գործընկերոջ հետ միասին այս եռակողմ հայտարարության կողմ և երաշխավոր գործընթացի մեջ մտնենք, գործընթացը կանգ առնի, և հայտնի չէ, թե դա ինչ հետևանքներ կունենա»։ Մեկնաբանն արձագանքեց․ «Ստացվում է՝ նա մեր գերիներին չի տալու, մենք պետք է տրամադրենք երկաթուղային ճանապարհներ»։