Պայմանական եղանակի ծուղակը․ պետության ղեկավարը հենց նրա համար է, որ նրա գլխին ոչ մի բան չկոտրեն. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. ««Եթե նախկինները չթալանեին, ապա մենք այս պատե­րազմում կհաղթեինք»՝ ամբոխին հրամցվող այս թեզը մտավարժանքների ժանրից է: Համոզված եմ, որ կո­ռուպցիայի մակարդակը Հայաստանում բարձր էր [բայց ոչ ավելի բարձր, քան Ադրբեջանում և Թուրքիայում]: Այ­նուամենայնիվ, «նախկինների թալան» բառակապակցու­թյունը, թեև էմոցիոնալ առումով ընդունելի է [նաև ինձ համար], բայց որևէ իրավական և, առավել ևս՝ պատ­մական բովանդակություն չունի:

«Նրանք թալանեցին և ամեն ինչ կոտրեցին խեղճ Նիկոլի գլխին»․ այդ թեզը նույնքան անմեղսունակ է հնչում: Պետության ղեկավարը հենց նրա համար է, որ նրա գլխին ոչ մի բան չկոտրեն, եթե կասկածեր ունես, որ գլխիդ ինչ-որ բան է կոտրվե­լու, կռիվ մի տուր «թագավորի գահին» բազմելու համար: «Նախկինները ձև էին անում, թե բանակցում են, բայց իրականում չէին պատրաստվում Արցախի խնդիրը լուծել»․ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի դեպքում դա մի­անգամայն ճիշտ դիտարկում է: Բայց ո՞վ ասաց, որ ձև անելն ու չլուծելը ավելի վատ է, քան պատերազմն ուղիղ հրահրող վարքագիծ դրսևորելը:

«Եթե հարուստներից իրենց դղյակները խլեինք, ապա քանի՞ հատ «Բայրաքթար» կգնեինք»․ շարիկովյան այդ հարցին կա պատասխան: «Բայրաքթար» 182 ստան­դարտ կոմպլեկտը [6 դրոն, 3 ղեկավարման կայան և այլ օժանդակ սարքավորումներ] արժե մոտավորապես 70 մի­լիոն դոլար: Մեկ դղյակի արժեքը, ենթադրենք, 1 միլիոն դոլար է: Հետևաբար, այդ մեկ կոմպլեկտը գնելու համար հարուստներից պետք էր խլել 70 դղյակ: Դա կապահո­վե՞ր մեր հաղթանակը:

Բայց «խլելը» կունենար նաև այլև հետևանքներ: Եթե դատարանով ապացուցված չէ, որ դղյակը կառուցվել է Հայաստանի պետական բյուջեի գումարներով, ապա ապօրինաբար «խլելը» խիստ բացասաբար կազդեր տն­տեսության վրա: Շարիկովյան երկրում ոչ ոք ներդրում չի անում»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: