Հայության հավաքական ջանքերով կատարված ներդրումները Ադրբեջանին հանձնված տարածքներում. Hetq.am

Դեռևս Արցախյան առաջին պատերազմի տարիներից հայության ջանքերը նպատակաուղղված են եղել հայրենի Արցախը շենացնելուն: 1992թ.-ին այդ նպատակով ստեղծվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամը (ՀՀՀ), որն աշխարհում սփռված հայության հանգանակած գումարներով պետք է շենացներ Արցախը և զարգացման ծրագրեր իրականացներ աղետալի երկրաշարժից մեծապես տուժած Հայաստանում: Խորհրդային շրջանում Ադրբեջանի կազմի մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը գրեթե զուրկ է եղել ենթակառուցվածքներից, իսկ Արցախյան պատերազմից հետո եղածը վերածվել էր ավերակների կույտի, գրում է Hetq.am–ը:

Հետագայում, հիմնադրամի ամենամյա մարաթոններին աջակցելուց բացի, Արցախում զարգացման ծրագրեր սկսեցին իրագործել հայկական այլ հիմնադրամներ ու անհատ ներդրողներ: Համայն հայության սիրո ու գուրգուրանքի երկիր Արցախն օրեցօր շենանում էր, մեծանում էր նրա նկատմամբ հետաքրքրվածությունը ներդրողների շրջանում: Վերջին տարիներին այն հայրենիք էր դառնում Սիրիայում ու Լիբանանում տները կորցրած հայության համար:

2020թ.-ի սեպտեմբերի 27-ից, Ադրբեջանի կողմից Արցախի հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի օրվանից, համայն հայության հպարտությունը համարվող Արցախի հանրապետությունն այլ ճակատագիր ունեցավ: Պատերազմում պարտված Արցախը հարկադրված եղավ մեծ տարածքներ զիջել Ադրբեջանին: Դեկտեմբերի 9-ին Արցախի տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը հրապարակեց Ադրբեջանի հանրապետության վերահսկողության տակ անցած Արցախի հանրապետության համայնքների և բնակավայրերի ցանկը, 7 շրջանների 118 համայնք: Անցնող 28 տարիներին հայության հավաքական ջանքերով հսկայական ներդրումներ են արվել այդ բնակավայրերում, որի վայելողն այսուհետ թշնամին է լինելու: 

Hetq.am–ը ներկայացնում է Արցախի հանրապետության 7 շրջանների բնակավայրերում իրագործված զարգացման խոշոր ծրագրերը՝ ենթակառուցվածքների ստեղծում, հասարակական շինությունների կառուցում, սոցիալական ապահովության, առողջապահության, կրթության, պատմամշակութային արժեքների պահպանության, արվեստի և սպորտի բնագավառներում։ Ծրագրերն իրականացրել են «Հայաստան» համահայկական հիմնադրամը, «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը, Հայ բարեգործական ընդհանուր միությունը, Թուֆենկյան բարեգործական հիմնադրամը, Հայ առաքելական եկեղեցին և այլք:

Ներդրումների մեծ ծավալը բաժին է ընկնում ՀՀՀ-ին, Ադրբեջանին հանձնված տարածքներում դրանց հանրագումարը, մեր հաշվարկներով, կազմում է մոտ 110 մլն դոլար: 1992-1997 թթ.-ին իրականացված ծրագրերի գումարային արժեքը ներառված չէ այս հաշվարկում, քանի որ այդ թվականներին կատարված աշխատանքների ծախսերը հիմնադրամի հաշվետվություններում չեն առանձնացվել ըստ համայնքների:

«Հայաստան» համահայկական հիմնադրամը «Հետք»-ին տեղեկացրել է, որ 1992-95 թթ.-ին Արցախի Հանրապետության տնտեսության ենթակառուցվածքների վերականգնմանը, նորացմանը և հումանիտար ծրագրերին հատկացրել է 4 639 848 ԱՄՆ դոլար: Հիմնադրամը Արցախում ստեղծել է էնէրգետիկայի, ջրամատակարարման, ճանապարհաշինական ենթակառույցներ: Անդրանիկ խոշոր ծրագրերից են եղել Վաղուհաս գյուղի վերակառուցումը, Գորիս–Ստեփանակերտ ավտոճանապարհի կառուցումը, Շուշի-Կարմիր Շուկա էլեկտրագծի կառուցումը, Բալուջա-Ստեփանակերտ ջրատարների կառուցումը և այլն: 

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ներդրումները հանձնված բնակավայրերում

2020թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ստորագրվեց պատերազմը դադարեցնելու եռակողմ հայտարարություն, որից հետո Շուշիի շրջանից երեք համայնք՝ Շուշի քաղաքը, Քարին տակ և Քիրսավան գյուղերն անցան Ադրբեջանի ենթակայության: «Հայաստան» համահայկական հիմնադրամն (ՀՀՀ) անցնող 26 տարիներին խոշոր կապիտալ աշխատանքներ է իրականացրել Շուշի քաղաքում և Քարին տակ գյուղում

ՀՀՀ-ի ներդրումները Ադրբեջանին հանձնված Հադրութի շրջանում

Հադրութում զարգացման ծրագրեր են իրականացրել «Հայաստան» հիմնադրամը և Հայ բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ): ՀՀՀ-ն հիմնական ներդրումները կատարել է ենթակառուցվածքներ ստեղծելու, սոցիալական և առողջապահական խնդիրները լուծելու ուղղությամբ:

Հայ բարեգործական ընդհանուր միության ներդրումները Հադրութում

ՀԲԸՄ-ի համար առաջնայինը Արցախի վերաբնակեցումն էր և 2002 թ.-ին սկսեց Հադրութի շրջանի Նորաշեն գյուղի վերակառուցումը։ Հետագայում այս ձեռնարկը վերածվեց ՀԲԸՄ-ի Արցախը վերաբնակեցնելու ընդհանուր ծրագրի, որի նպատակն էր վերականգնել և վերաբնակեցնել 1988-1994 թթ. պատերազմի հետևանքով ավերված ու լքված հայկական գյուղերը։ Միությունը Նորաշենում կառուցել է 20 տուն, բուժկետ, մանկապարտեզ և դպրոց: Դպրոցը, որը նախատեսված է 80 աշակերտի համար, ունի ութ դասասենյակ, դահլիճ` նախատեսված տարբեր միջոցառումների համար և համակարգչային սենյակ։ Արցախում ՀԲԸՄ-ի կառուցած 30 տներում շուրջ 150 բնակիչ է ապրում։ Բարեշեն գյուղում կառուցել են 10 տուն:

 Ներդրումները Քաշաթաղի և Քարվաճառի շրջաններում 

Քաշաթաղի վերաբնակեցումն սկսվեց պատերազմը դեռս չավարտված, պաշտոնական որոշումները կայացվել են 1993թ.-ի աշնանը: ԼՂՀ կառավարությունը 2001թ.-ին հաստատել էր վերաբնակեցման 10-ամյա ծրագիր, որտեղ հստակեցվում են վերաբնակեցման նպատակները և աշխարհագրական դիրքերը: Վերաբնակեցման 10-ամյա ծրագրով պիտի կառուցվեր 10 հազար բնակարան, 200 դպրոց, բուժհիմնարկներ, ջրագծեր, ճանապարհներ և այլն:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում: