Ռուսաստանը ողջունում է ԱՄՆ-ի՝ СНВ-3 պայմանագիրը երկարաձգելու առաջարկը․ Զախարովա

Մոսկվան ողջունում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև «Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման» պայմանագրի 5 տարով երկարաձգելու առաջարկը: Այս մասին այսօր հայտարարել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակիի՝ նախօրեին արված հայտարարությունը, փոխանցում է EADaily-ն։

«Նման տրամադրվածությունը կարող ենք միայն ողջունել։ Ռուսաստանը հետևողականորեն հանդես է եկել և հանդես է գալիս նման որոշման ընդունման օգտին»,- ընդգծել է Զախարովան։

Նա նաև նշել է, որ Ռուսատանը պատրաստ է անհապաղ բանակցություններ սկսել ամերիկյան կողմի հետ։

«СНВ-3 պայմանագիրը հինգ տարով երկարաձգելու մասին պայմանավորվածության շուտափույթ ձևակերպման համար պատրաստ ենք անհապաղ բանակցություններ սկսել։ Դա անհրաժեշտ է անել ամենասեղմ ժամկետներում՝ հաշվի առնելով, որ դրա գործողությունը լրանում է 2021 թվականի փետրվարի 5-ին»,- հավելել է Զախարովան։

Նախօրեին Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները կողմ է «Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման» պայմանագրի 5 տարով երկարաձգմանը։

«Ես կարող եմ հաստատել, որ ԱՄՆ-ը մտադիր է հասնել պայմանագրի երկարաձգմանը հինգ տարով: Նախագահ Բայդենը մեկ անգամ չէ, որ հասկացնել է տվել պայմանագրի՝ ԱՄՆ ազգային անվտանգության շահերին համապատասխանելը»,- նշել էր Փսակին: