Գագիկ Ջհանգիրյանն ու Դավիթ Խաչատուրյանը ԲԴԽ են գործուղվում դատավորներին «հաթաթա» տալու համար․ Ռոբերտ Հայրապետյան

Ինձ մոտ տպավորություն է, որ Գագիկ Ջհանգիրյանն ու Դավիթ Խաչատուրյանը ԲԴԽ են գործուղվում դատավորներին «հաթաթա» տալու և իշխանության քաղաքական կամքին կամ քիմքին հաճո որոշումներ կայացնելու համար։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը՝ անդրադառնալով ԲԴԽ անդամների՝ այսօր կայացած ընտրությանը։

Հայրապետյանն ընդգծեց՝ առնվազն անհասկանալի էր, որ գեթ մեկ պատգամավորի մոտ հարց չառաջացավ, որը պետք է ուղղվեր ԲԴԽ անդամի թեկնածուներին, թե նրանք ինչպես են պատկերացնում դատավորների պաշտպանությունը և ինչ մեխանիզմներ են առաջարկում դատավորների կարգավիճակով պայմանավորված՝ նրանց նկատմամբ ճնշումները կանխելու համար։

«Չէ՞ որ ԲԴԽ-ն ո՛չ ինչ-որ պատժիչ խմբակ է, ո՛չ Տեր Թոդիկի դպրոց է, որ պետք է ցուցափայտով խփի դատավորների մատներին։ ԲԴԽ-ն ունի կարևոր առաքելություն, որը դատավորների պաշտպանությունն է։ Ոչ ոք չհետաքրքրվեց՝ ԲԴԽ անդամի թեկնածուներն ինչպես են պատկերացնում այդ գործողության կազմակերպումը»,-ասաց իրավաբանը։

Հայրապետյանը նշեց, որ Գագիկ Ջհանգիրյանը ԲԴԽ անդամի թեկնածուի պաշտոնում առաջադրվել չէր կարող։ «Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությունն  անօրինական էր, որովհետև նրա տարիքը չի համապատասխանում ԲԴԽ անդամ դառնալու պահանջներին։ ԲԴԽ է գնում կոնկրետ առաքելությամբ՝ իշխանության հորդորները կամ հրահանգները չկատարող դատավորներից ազատվելու առաքելությամբ»,-ասաց Հայրապետյանը։

Վերջինս նաև նշեց, որ իր համար անհասկանալի է, թե Խաչատուրյանը կոնկրետ ինչով է հայտնի որպես իրավաբան-գիտնական։ «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին ՀՀ օրենքում նշված է, թե ինչ է նշանակում գիտնական, և գիտնական համարվելու համար անձը ինչ գործողություններ պետք է կատարած լինի։ Եթե անգամ ընդունենք, որ Գագիկ Ջհանգիրյանը վերջին տարիներին զբաղվել է գիտական գործունեությամբ և ինքն իրեն համարում է գիտնական՝ հաշվի առնելով նաև այն աշխատությունները, որոնք նա հրատարակել է, ապա Դավիթ Խաչատուրյանի դեպքում ինձ համար իրավաբան-գիտնական լինելու համար անհրաժեշտ գործունեությունը կասկածի տակ է»,-ասաց նա։

Ըստ Հայրապետյանի՝ իշխող ուժի կողմից ԲԴԽ անդամներին միանձնյա առաջադրելն ու ընտրելը արդեն իսկ անուղղակի կերպով քաղաքականացնում է այդ անձանց ընտրության պրոցեսը և կասկածի տակ է դնում հետագայում ԲԴԽ-ում իրենց գործունեության ապաքաղաքական լինելը։ «ԲԴԽ նորընտիր անդամներիի՝ մինչ այս ունեցած ելույթները և նրանց զբաղեցրած պաշտոնները և քաղաքական որոշակի հայտարարությունները թույլ են տալիս ենթադրել, որ այդ մարդիկ ինչ-որ չափով քաղաքական կամակատարություն են անելու ԲԴԽ-ում»,-ասաց Ռոբերտ Հայրապետյանը։

Նշենք, որ խորհրդարանական երկու ընդդիմադիր ուժերը՝ «Բարգավաճ Հայաստանն» ու «Լուսավոր Հայաստանը» չեն մասնակցել հարցի քննարկմանն ու ԲԴԽ անդամի թեկնածուների ընտրությանը: