Թուրք-ադրբեջանական զորավարժությունները չեն վկայում Հայաստանի հանդեպ խաղաղ մտադրությունների մասին. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի պատասխանը PanARMENIAN.Net լրատվականի հարցին

Օրերս Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն հայտարարել էր, թե, եթե խաղաղությունը երկարատև լինի, Թուրքիան և Ադրբեջանը պատրաստ են քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։  Լրատվականի հարցին, թե՝ կարո՞ղ եք մեկնաբանել, արդյո՞ք հայկական կողմը պատրաստ է «հարաբերությունները կարգավորելու»: Ի՞նչ պետք է հասկանալ այդ հայտարարության ներքո, այս մասով որևէ նախաձեռնություն նկատվե՞լ է, մասնավորապես՝ թուրքական կողմից, ԱԳՆ մամուլի խոսնակը պատասխանել է.

«Չէի ուզենա մեկնաբանել թուրք-ադրբեջանական ղեկավարության հայտարարությունները, որոնք որևէ ձևով չեն ամրապնդվում գործողություններով: Ավելին, դրանք հակասում են միմյանց: ԵԱՀԿ հանձնառությունների խախտումներով Հայաստանի սահմանների մոտ իրականացվող թուրք-ադրբեջանական զորավարժությունները չեն վկայում, որ թուրք-ադրբեջանական ղեկավարությունը խաղաղ մտադրություններ ունի Հայաստանի հանդեպ: Հայաստանի հանդեպ թշնամական գործողությունների դադարեցումը կարող է պայմաններ ստեղծել տարածաշրջանում վստահության ձևավորման համար»: