Կիպրոսը սահմանները կբացի 56 երկրների զբոսաշրջիկների համար

Մարտի 1-ից Կիպրոսը բացում է իր սահմաններն ու օդանավակայանները 56 երկրների զբոսաշրջիկների համար։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Այստեղ ժամանող օտարերկրացիները պետք է ցույց տան կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան։ Կարմիր գոտում ընդգրկված երկրներից ժամանած քաղաքացիները ստիպված կլինեն բացի իրենց երկրում հանձնած թեստից, ևս մեկն անել կղզի ժամանելուց հետո։ Կանաչ գոտու երկրները ստիպված չեն լինի կրկնակի թեստ հանձնել։

Սահմանները կբացվեն ԵՄ անդամ երկրների, Եվրոպական տնտեսական գոտու անդամների՝ Նորվեգիա, Իսլանդիա, Շվեյցարիա, Լիխտեյնշտեյն, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, Իսրայելի, Բելառուսի, Ուկրաինայի, Եգիպտոսի, Հորդանանի, Լիբանանի, Սաուդյան Արաբիայի քաղաքացիների համար։