Իրավապահները հրահանգ են ստացել Սյունիքի նախկին մարզպետին ազատությունից զրկելու. փաստաբաններ

Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի փաստաբաններ Էրիկ Ալեքսանյանն ու Ժիրայր Ղարագյոզյանը հայտարարություն են տարածել, որ իշխանությունները պլանավորում են Վահե Հակոբյանի դեմ «իրավական» գործընթացը սկսել.

«Առկա է տեղեկատվություն առ այն, որ իրավապահներն անհրաժեշտ հրահանգներ են ստացել Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի նկատմամբ հարուցել քրեական հետապնդում և զրկել նրան ազատությունից։ Իշխանությունները պլանավորում են Վահե Հակոբյանի դեմ «իրավական» գործընթացը սկսել ոչ միայն թիրախավորելով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը,այլ նաև նման ձևով կասեցնել Վ. Հակոբյանի քաղաքականության մեջ լինելը։ Իրավապահները լավ են հասկանում, որ Վահե Հակոբյանի կամ ԶՊՄԿ-ի գործունեության մեջ անհնար է անօրինական բան գտնել, բայց գործընթացը հնարավորություն կտա խաթարել կոմբինատի աշխատանքը։

Պնդում ենք, որ այն, ինչ պլանավորում են ՀՀ իշխանությունները, ունեն բացառապես քաղաքական երանգներ»,- ասված է փաստաբանների տարածած հայտարարությունում։