Բազմիցս հնչել են քննադատություններ, որ «Սորոսի հիմնադրամը» գործել է ընդդեմ ՀՀ-ի, ուզում եմ հստակ նշեք՝ Դուք գործելո՞ւ եք հանուն ՀՀ-ի. Թագուհի Թովմասյանը՝ Դավիթ Խաչատուրյանին

Ես գործելու եմ բացառապես ՀՀ շահերից ելնելով, իմ այս հայտարարությունը չի նշանակում, որ ես ընդունում եմ որպես փաստացի իրողություն այն, որ «Բաց հասարակության հիմնադրամները» որևէ այլ գործունություն են իրականացրել: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ԲԴԽ անդամի թեկնածու Դավիթ Խաչատուրյանը՝ անդրադառնալով պատգամավոր Թագուհի Թովմասյանի այն դիտարկումներին, թե կոռուպցիայի հանձնաժողովն արձանագրել է, որ Խաչատուրյանի՝ «Բաց հասարակության հիմնադրամներ–Հայաստանում» ՀԿ-ում երկար տարիներ աշխատելն իր վարկանիշի վրա բացասական ազդեցություն է թողել:

«Դուք, փաստորեն, լինելով այլ սեկտորի աշխատակից՝ կատարել եք մասնավոր պատվերներ, բազմիցս էլ հնչել են քննադատություններ, որ «Սորոսի հիմնադրամը» գործել է ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Ես կուզենայի, որ Դուք այստեղ հստակ ասեք, որ գործելու եք հանուն Հայաստանի Հանրապետության»,- ասաց պատգամավորը:

Ի պատասխան Խաչատուրյանն ասաց. «Դուք Ձեր հարցի մեջ նշեցիք, որ խոսակցություններ են կան, այդ խոսակցությունների ուժգնությունը ինձ չի կաշկանդում, ինչքան էլ խոսակցություններ լինեն՝ դրանք չեն ազդում իմ նվիրվածության վրա, ես չէի ուզենա որևէ արձագանքներ ներկայացնել խոսակցություններին, քանի դեռ դրանք փաստեր չեն: Բալզակը մի խոսք ունի՝ ինչպես հազար ճագարից չես կարող մեկ ձի ստանալ, այնպես էլ 1000 կասկածից չես կարող մեկ ապացույց ստանալ: Շատ մարդիկ շատ բաներ կարող են ասել, բայց անգամ հազար հոգի հազար անգամ նման բան ասի, դա չի նշանակում, որ դրանով մի փաստ արձանագրվում է, որ ես էլ դրան արձագանքելով ասեմ՝ չէ, չնայած այս ամեն ինչին, ես հակապետական գործունություն չեմ ծավալելու»:

ԲԴԽ անդամի թեկնածուն նշեց, որ հիմնադրամը բավականին կարևոր նախաձեռնություններ է իրականացրել:

Թագուհի Թովմասյանը նրանից նաև հետաքրքրվեց. «Ձեր եղբայրը ՀՔԾ ղեկավարն է, այսօր իրականացվում է մեծ թվով քրեական գործերով քննություններ, որոնք դատարանում հաճախ ունենում են Քննչական ծառայության համար ոչ հաճելի վախճան, պատճառը հիմնավորումներն են, ուստի, եթե մենք խոսում ենք հիմնավորվածության մասին, և եթե հիմնավորված գործեր չեն գնում դատարան, ի՞նչ ենք պահանջում դատավորներից»:

Դավիթ Խաչատուրյանը նշեց, որ ՀՔԾ-ն քննում է 5 տոկոսից պակաս գործերը բոլոր նախաքննական մարմինների: «Այն փաստը, որ ԲԴԽ-ի անդամ կարող է լինել մի եղբայրը, իսկ ՀՔԾ պետը մյուս եղբայրը, ինքնին շահերի բախում չի առաջացնում և այդ հարցը սպառիչ կերպով լուծել է ՄԻԵԴ-ը, մասնավորապես, 2005 թվականի հուլիսի 5-ի որոշման մեջ»,- ասաց նա:

Վերջինս պատմեց. «Միշա Հարությունյանի գործով ՄԻԵԴ-ում նրա ներկայացուցիչը նշել էր, որ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահը, որն այն ժամանակ իմ հայրն էր և միաժամանակ եղբայրս էլ դատախազությունում էր որպես դատախազ, ուստի տեղի է ունեցել արդար դատաքննության իրավունքի խախտում, քանի որ Վճռաբեկ պալատի նախագահը կաշկանդված պետք է լիներ այն հանգամանքով, որ իր որդին աշխատում է դատախազությունում, չնայած կոնկրետ այդ գործով, որ բողոք էր բերել, չէր մասնակցել»:

Ըստ Խաչատուրյանի՝ ՄԻԵԴ-ը հստակ արձանագրել է, որ Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի բարեկամի աշխատելն այլ իրավապահ կառույցում ինքնին չի կարող ազդել վճռաբեկ դատարանի պալատի նախագահի անաչառության վրա: «Այս հիմքով ՄԻԵԴ-ը նշել էր, որ պնդումն անհիմն է»,- ասաց նա: