Պատերազմին մասնակցած շուրջ 2700 մարդ աշխատավարձ չի ստացել, ինչո՞ւ. ՊՆ-ի դիմաց բողոքի ակցիա էր

Պաշտպանության նախարարության դիմաց այսօր հավաքվել էին պատերազմին մասնակցած քաղաքացիներ, որոնք մինչ այսօր չեն ստացել իրենց աշխատավարձերը: Նրանք Պաշտպանության նախարարությունից պահանջում էին, որ իրենց հստակ տեղեկություն տրամադրվի, թե երբ են աշխատավարձերը տրամադրվելու:

Կամավոր Դավիթ Հովհաննիսյանը նշեց, որ երբ տեղեկացել է, որ պատերազմի մասնակցած անձանց գումար են տրամադրում, դիմել է Պաշտպանության նախարարություն, Կառավարություն, սակայն  հստակ պատասխան չի տրամադրվել.

«Կամավոր մեկնել ենք պատերազմական գոտի, այստեղ ինձ հետ են նաև մոբիլիզացիոն զորքերի տղաները, կան նաև կամավորներ, մենք առաջնագծից վերադարձել ենք նոյեմբերի 30-ին, վերջին անգամ եղել ենք Լաչինի՝ Դժոխքի ձոր կոչվող վայրում: Գիտեինք, որ դրամական փոխհատուցում է տրվում, դիմել ենք մեր հրամանատարությանը, սակայն ստույգ պատասխան չեն տվել, դիմել ենք ՊՆ, մեզ դիմավորել է գնդապետ Արա Առաքելյանը, ասաց, որ դեկտեմբերի 30-ին մեր գումարները կփոխանցվեն, սակայն չեն փոխանցվել: Կրկին կապ ենք հաստատել իր հետ, ասել է, որ փաստաթղթերի հետ է խնդիրը, ասել ենք՝ ո՞ւմ դիմենք, ասեց՝ դիմեք Հայաստանի վարչապետին»:

Դավիթ Հովհաննիսյանի խոսքով՝ կապ է հաստատել նաև վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանի հետ, նա ասել է, որ Արցախի նախագահը Հայաստանում է, կխոսի և կպատասխանի, բայց պատասխան դեռ չկա.

«ՊՆ-ում հանդիպել եմ գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանի հետ, նա ասաց, որ այդ հարցի կարգավորման հետ կապված՝ հանձնաժողով է մեկնել Արցախ: Բայց դեռևս ոչ մի գումար չի  փոխանցվել: Թող մեկը մոտենա մեզ, պատճառաբանի՝ ինչու այսքան մարդիկ չեն վարձատրվել, ովքեր իրենց կյանքի գնով ներգրավված են եղել սահմանները պահելու սուրբ գործին»:

Պատերազմի մասնակցի խոսքով՝ իր ունեցած տեղեկությունների համաձայն` շուրջ 2700 հոգու աշխատավարձ չի տրամադրվել: