Հայոց ընդդիմության պերճանքն ու թշվառությունը

Ռուսաստանն ունի երկու թշվառություն` «դորոգի ի դուռակի»:

Հայաստանը… անհատնում:

Բայց նախ առաջադրանք այն ընդդիմությանը, որ վաղն է գալու: Անգամ գերիների, մնացյալ գերկենսական հարցերից առաջ, մեկ առաջնահերթ, խիստ գաղափարական, նշանային քայլ պետք է արվի. պետք է փոփոխվի հայոց սիմվոլիկան` հիմնը:

Պետք չէ տողերիս հեղինակին մեղադրել ժամի անպատեհության ու դավադրության համաշխարհային տեսության մեջ խորասուզվելու մեջ, սակայն` բառը կենդանի է, ի սկզբանե է, բառը ճակատագիր է բերում:

Եվ նաև` իր օրերում «ամենահմայիչ» ընդդիմության քուրմ, Մատենադարանի փոշիներից դուրս թռած, գաղտնի գրիֆով բոլոր ձեռագրերին, անեծքներին, օկուլտիստաշամանային կոդերին տիրապետող ԼՏՊ-ն, որը 2008-ին Մարտի 1-ի իր ընդդիմադիր «պերճանքն» սկսեց չարենցյան «Մահվան տեսիլի» ահեղադղորդ արտասանությամբ՝ որպես Մարտի 1-ի կոդ: Որպես բարձր «պրոբի» մտավորական՝ չէր կարող իր օրերում չհասունանալ, որ Հայաստանն ու Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգը» ոչ մի կապ չեն կարող ունենալ միմյանց հետ, և որ այդ բանաստեղծության` «մեր հայրենիք թշվառ, անտեր» տողերը կյանքի ինչ-որ մի փուլում մարմին կառնեն ու կյանքի կվերածվեն:

Ոնց տեսաք` «մարմին առան ու կյանքի վերածվեցին»…

Այս ամենը՝ ի դեպ. անցանք առաջ` ռեալպոլիտիկին:

Հայոց ընդդիմության մշտական «պերճանքը» եղել է այն, որ մշտապես կոնյուկտուրային է եղել, հիմնականում` դրսից ղեկավարվող (քարով խփել չկա), ծավալային. մի տասը կուսակցություն` նույնքան անդեմ, լցրել են իրար վրա, ասել` դու ընդդիմություն ես, պայքարի մի քիչ:

Ընդդիմության հիմնական ֆունկցիան մշտապես եղել է «քուչեքը չափելը» (եթե հաշվեմ, թե որպես լրագրող որքան եմ քայլել ընդդիմության հետ, ոչ միայն քարերը կաղաղակեն, այլև` նման տեմպերով Լուսնին հասած կլինեի. քայելել եմ ՆԷՊ-ի օրոք, Ալեքսանդրի օրոք, Լևոնի օրոք, Վազգենի ու Դեմիրճյանի օրոք, Սերժի օրոք, Նիկոլի օրոք…) ոչ թե որ հաղթեն, այլ լցնեն պարապը, դառնան դագանակ իրականում իշխանության եկողի գլխին, որպեսզի վերջինս ինքնության զգացում չունենա, հասկանա` «դո սապոգա», ամեն րոպե կարող է ֆորս-մաժորի ենթարկվել` նույն այդ ընդդիմության ձեռքով, եթե խաղի կանոններին դեմ գնա:

Մոդերացիան հիմնականում իրականացրել է Ռուսաստանը, ընդդիմության հսկիչ փաթեթը մշտապես (այո, կարծում եմ՝ անգամ 2018-ին) եղել է իր ձեռքում, Արևմուտքն ու ԱՄՆ-ը եղել են շահառու խաղացողներ:

Թուրքիա՞ն: Լինենք անկեղծ` անտեսել, լուրջ չենք վերաբերվել այդ ֆակտորին, ինչն էլ փաստացի հայոց գերագույն թշվառության վերածվեց, չնայած խոսվում էր, որ Նաիրի Հունանյանը հոկտեմբերի 27-ից առաջ անցել էր Թուրքիայով, նախապատրաստություններ անցել այնտեղ: Ինչևէ:

Դառնանք օրվա ընդդիմությանը: Չերկնչենք արձանագրել` եղած բոլոր ընդդիմադիր շարժումներից ամենաթույլն ու չկայացածն է այն (քարով խփել չկա): Չնայած պահ առաջացավ, որ կարող էր ճեղքել ու պոկում ապահովել: Հրահանգ չկա՞ր, ներո՞ւժ, համարձակությո՞ւն, Նիկոլի նման փշալարերին մագլցելու կա՞մք, պայքարի մարշալ-պլա՞ն… բոլորը միասին:

Սիմվոլիկ ընդդիմություն էր, որ հերթապահում է դավաճան Նիկոլ Փաշինյանի մահվան մահճի մոտ` մինչև հոգեվարքի մեջ գտնվող «թուրքահպատակը» (մենք չենք ասում` Գաբրիելյանովն է նկատում, որ բրիտանական գործակալ Նիկոլին Բրիտանիան հետագայում հանձնել է Թուրքիային) կավարտի իր դագաղի վրա, ինչպես նաև Հայաստանի և Արցախի վրա` վերջին մեխի տեղակայումը. երբեմն հոգեդարձներ պարգևելով նրան:

Ըստ փորձագիտական գնահատականների` պանթուրքիստական օսը` Մեղրիով-Նախիջևան պայմանագրային ստորագրության վերածելուց, Ցեղասպանության ուրացման դիմաց Թուրքիայի հետ սահմանների բացումից հետո, ընդդիմությունը ոտքը կդնի նրան սնուցող աորտայի վրա:

Ու թե ընդհանրացնենք հայոց օրվա ընդդիմության պատկերը դասականի ձևակերպմամբ` ապա, նրա սկիզբը, ավաղ, իր վախճանը եղավ (քարով խփել չկա): Ինչո՞ւ: Շատ պարզ: Այսօր արդեն խոսվում է Հայաստանում երկրորդ հեղափոխության մասին:

Հարցը շատ բարդ է` գեոքաղաքական խոր «ախտանիշներով» գերհագեցած. այսօր թեման չենք շոշափի: Պարզապես արձանագրենք, որ ռուսական խաղաղապահների գոյությունն Արցախում, Սյունիքում սպասվելիք նոր ռազմաբազայի ստեղծումը ԱՄՆ-Արևմուտք պլանների մեջ չէր, վերջիններս սկսել են հետհաշվարկը, Բայդենի երդմնակալությունից վայրկյաններ անց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանորդուհին իր մոտ հավաքեց իր հայ փորձագետ հաճախորդներին, ըստ ամենայնի, մոտիկից բացատրելու Ղարաբաղի կարգավիճակի «շուրջ» նյու-էքշըն սկսելու իրենց «վիժընը», որից վայրկյաններ անց, իրենց հաճախորդներից Շիրին-ը (առանց «յանի») քաղցրածոր արտաբերեց.

-Ուզում ենք լինել թուրքի շունը…

Թողնենք Շիրիմին, օյ, կներեք` Շիրինին, իր դուրսպրծուկ շնաբարո սամադխիի հետ միայնակ, արձանագրենք հաջորդ զուգահեռը: Օրվա ընդդիմության դիլետանտությունն ու անկարողությունը, քաղաքական կոնյուկտուրային տրվելու «պերճանքը», պարապը այդպես էլ չլցնելու անկարողությունը հիմք է դարձել նաև հականիկոլյան նոր ընդդիմության ստեղծման պլատֆորմի համար:

Վերջապես արձանագրենք հայոց ընդդիմության միակ հմայքը՝ նոր ընդդիմությունը ստեղծվում է Զանգեզուրում, այն է` Լեռնահայաստանում, Խուստուփի «լանջերին»… ձգենք պաուզան՝ արձանագրելու.

– ՄԵՔԹՈՒԲ` գրված է:

Աստված ասաց Մովսեսին` քո ոտնատեղը քեզ եմ տալու մշտապես. Զանգեզուրում` Լեռնահայաստանում Նժդեհի ոտքնահետքերն են…

Կկարողանա՞ նոր ընդդիմությունը ոտքը հարմարեցնել Նժդեհի ոտնատեղերին:

Նոր ընդդիմության հմայքը` մտածելու կարողությունն է, վիճակը ճեղքելու պատրաստակամությունը… Ասում են` անգամ տնտեսության լուրջ ծրագրավորմամբ են ասպարեզ մտնում (?), ինչը խոսում է հայտի լրջության մասին:

Այլ ելք չունենք` նրանք դատապարտված են ՀԱՂԹԵԼ:

Կարմեն Դավթյան