Հայաստանը պարտավոր է գործի դնել միջազգային հետաքննչական մեխանիզմները պատերազմական հանցագործությունների փաստագրման և մեղավորներին պատժելու համար․ Ա․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Եվրոպական խորհրդարանը երեկ ընդունել է «Ընդհանուր անվտանգային ու պաշտպանական քաղաքականություն (CSDP)» և «Ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականություն» (CFSP) տարեկան զեկույցները:

Այդ երկու ծավալուն բանաձևերում առանձին անդրադարձ է կատարվում Արցախյան հակամարտությանը։

Մի շարք հանգուցային դիտարկումներ.

  1. Փաստաթղթերում խիստ դատապարտվում է Թուրքիայի ներգրավվածությունը այդ պատերազմին, Ադրբեջանին ցուցաբերված ռազմական աջակցությունից մինչև վարձկանների հավաքագրում։
  2. Ընդգծվել է, որ հարատև կարգավորումը դեռ գտնված չէ, և խաղաղության հասնելու տարածաշրջանի ապագա իրավական կարգավիճակի որոշման գործընթացը պետք է իրականացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և հիմնված լինի վերջինիս Հիմնարար սկզբունքների վրա:
  3. Անհասցե, բայց խիստ քննադատել է խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների, սրբավայրերի թիրախավորումը, կասետային զինատեսակների օգտագործումը։
  4. Կոչ է արել ապահովել հայկական բնակչության և հայկական մշակութային ժառանգության անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում։
  5. Խիստ կարևորվել է պատշաճ ուսումնասիրության ենթարկել պատերազմական բոլոր հանցագործությունները և պատասխանատվության ենթարկել մեղավորներին, կոչ է արվել թույլ չտալ ԼՂ-ում պատերազմական հանցագործությունների և ԼՂ հակամարտությունում արգելված զինատեսակների կիրառման անպատժելիությունը։

Հիմնական հետևությունները.

✅ Եվրոպական Միությունը չի ցանկանում դուրս մնալ տարածաշրջանային հետագա զարգացումներից։

✅ Այս համատեքստում բանալիներ են հանդիսանում ԵԱՀԿ Մինսկի խումբը և Արցախի կարգավիճակի հարցը։

✅ Թուրքիայի նկատմամբ ԵՄ ընդհանուր լարվածությունը թույլ է տվել այդ երկրի մասով արտահայտվել առավել խիստ ձևակերպումներով նաև Արցախյան համատեքստում։

✅Բուն պատերազմի մասով Ադրբեջանին ուղղակի մեղադրանքներ չկան, արվում են ընդհանուր կոչեր և գնահատականներ՝ ուղղված երկու կողմերին։

✅Ռուսաստանի դեմ արտահայտված խանդի մեծ և ուղղակի տեսարաններ այս պահին բացակայում են։

✅Հայաստանը պարտավոր է գործի դնել միջազգային հետաքննչական մեխանիզմները պատերազմական հանցագործությունների փաստագրման և մեղավորներին պատժելու համար։ Սա կարող է սպառնալիք դառնալ ապագայում Ալիևի գլխին։

✅Հայաստանը պարտավոր է, պահպանելով Ռուսաստանի հետ անկյունաքարային համագործակցությունը, ԵՄ-ի հետ այս հարցերով կառուցել բացառապես շահերի համադրման քաղաքականություն և չներքաշվել ՌԴ-ի դեմ հնարավոր հակադրության թակարդը։

Այս օրակարգը կարող է կյանքի կոչվել միայն նոր իշխանության դեպքում։