Հանճարեղ դաշնակահարն ու կոմպոզիտորը. հունվարի 22-ը Առնո Բաբաջանյանի ծննդյան օրն է

Մեծանուն կոմպոզիտոր, դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները հնչել և հնչում են ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում: Արվեստագետները նրան համարում են հրաշալի ստեղծագործող, նորարար, որը փայլել է և՛ կատարողական արվեստում, և՛ կոմպոզիտորական:

Բաբաջանյանի 100-ամյա հոբելյանի առթիվ «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Մարտին Վարդազարյանի և կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանի հետ:

Մարտին Վարդազարյանի խոսքով՝ հայ երաժշտության մեջ գրեթե բոլոր կոմպոզիտորները, որոնց անունները հիշում են, օրինակ են եղել երաժշտությանը նվիրվածության առումով, անհատականություն են, տաղանդ, չափանիշ, բայց բոլորից առանձնանում է Առնո Բաբաջանյանը:

«Բաբաջանյանը ծնվել է հունվարի 21-ին: Որպեսզի հարևանների մոտ հարց չառաջանա, թե ինչու են Բաբաջանյանները Լենինի մահվան օրը խնջույք անում, կոմպոզիտորի հայրը որդու ծննդյան օրը փոխել է: Փաստացի Բաբաջանյանի ծննդյան օրը տոնվում է հունվարի 22-ին: Նա դեռ փոքր տարիքից ուշադրություն է գրավել ոչ միայն որպես դաշնակահար, այլև որպես անսպասելի լուծումներ գտնող անձնավորություն: Ես երջանկություն եմ ունեցել հանդիպելու թե՛ Բաբաջանյանին, թե՛ Միրզոյանին, որն իմ ուսուցիչն էր, թե՛ Ալեքսանդր Հարությունյանին, թե՛ Ղազարոս Սարյանին և թե՛ Ադամ Խուդոյանին: Երբ ստեղծագործում եմ և ինչ-որ քայլ անելիս չեմ կարողանում գտնել ցանկացածը, մտածում եմ, թե ինչպե՞ս կվարվեր Միրզոյանը, ինչպիսի՞ հարմոնիկ լուծում կտար Բաբաջանյանը և այլն»,-ասաց Վարդազարյանը:

Ըստ կոմպոզիտորի՝ Բաբաջանյանը թե՛ որպես դաշնակահար, թե՛ որպես կոմպոզիտոր օժտված էր, տաղանդավոր: Վարդազարյանը պատմեց, որ Խորհրդային Միության հայտնի դաշնակահար Գիլելսը մի առիթով ասել է, թե դաշնակահարների բախտը բերել է, որ Բաբաջանյանը դարձել է կոմպոզիտոր, հակառակ դեպքում բոլորին կմթագներ իր տաղանդով:

«Բաբաջանյանի ստեղծագործությունները լիարյուն են, լիարժեք հնչողություն ունի նրա դաշնամուրային յուրաքանչյուր ակորդ, էլ չեմ ասում նրա տեխնիկական հնարավորությունները: Բաբաջանյանին կարելի էր անգամ գիշերն արթնացնել ու խնդրել նվագել Ռախմանինովի այս կամ այն պրելյուդը, ու նա կնվագեր: Կարծում եմ՝ հիանալի է «Վաղարշապատի պար»-ը, որպես դաշնամուրային վիրտուոզ ստեղծագործություն: Նրա գործերի մեծ մասը, որոնք գրում էր Մոսկվայում, նախ հնչում էին Հայաստանում, հետո՝ այլ երկրներում: Ե՛վ Սոնատ ջութակի դեպքում էր այդպես, երբ Վալերի Կլիմովն այն նվագեց Երևանում, և՛ Շոստակովիչին նվիրված Երրորդ կվարտետի: Բաբաջանյանի առաջին երգերից մեկը, որի ձայնագրություններին մասնակցել եմ որպես Էստրադային անսամբլի ղեկավար, Ռաիսա Մկրտչյանի կատարմամբ «Мой город» երգն էր: Այն հարցին, թե ինչո՞ւ երգի ձայնագրությունը Մոսկվայում չի իրականացրել, Բաբաջանյանը պատասխանել է, որ ցանկացել է իմանան, որ Հայաստանում էլ կան երգիչներ ու երգչուհիներ, որոնք կարող են բարձր մակարդակով ներկայացնել իր գործերը»,-պատմեց Վարդազարյանը:

Նա ընդգծեց, որ Բաբաջանյանի «Հերոսական բալլադ»-ը շատ և շատ դաշնակահարների երգացանկում պատվավոր տեղ ունի: Կոմպոզիտորը հիշեցրեց, որ Առնո Բաբաջանյանը միութենական մրցույթների ժյուրիի և՛ անդամ էր, և՛ նախագահ: Նրա գործերից մեկը Չայկովսկու մրցույթներից մեկում պարտադիր է դարձել բոլոր կատարողների համար: «Բաբաջանյանը կարճ ժամանակ դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Նրա ուսանողուհի Ռոզա Թանդիլյանն էլ այսօր կոնսերվատորիայի դաշնամուրային բաժնի լավագույն պրոֆեսորներից է, որի ուսանողները մրցանակների են արժանացել տարբեր միջազգային մրցույթներում: Բաբաջանյանական ուղղությունը դաշնամուրային դպրոցում նույնպես պահպանվում է»,-շեշտեց Մարտին Վարդազարյանն ու հավելեց՝ Առնո Բաբաջանյանի հետ հետաքրքիր էր զրուցել բոլոր ոլորտների մասին, հատկապես՝ պոեզիայի, քանի որ նա ժամանակակից պոետների հետ մտերիմ էր, բայց լավագույն երգերից մեկը գրել է Հովհաննես Թումանյանի խոսքերով՝ «Էյ, աստղեր, աստղեր»: «Այդ երգը նույնպես կատարել է Ռաիսա Մկրտչյանը: Ցավալի է, որ Առնո Բաբաջանյանն այսօր մեզ հետ չէ, բայց քանի դեռ հնչում է նրա երաժշտությունը, նա մեզ հետ կլինի»,-եզրափակեց Մարտին Վարդազարյանը:

Արամ Սաթյանի համոզմամբ՝ Բաբաջանյանի արվեստն անսահման է: «Նա հետաքրքիր կոմպոզիտոր էր, նորարարությունների հեղինակ էր, որը ստեղծագործում էր տարբեր ժանրերում: Առնո Բաբաջանյանը մեծ մարդ էր, ես կասեի՝ հանճար»,-նշեց Սաթյանը:

Առնո Բաբաջանյանը ծնվել է 1921 թվականի հունվարի 21-ին: Երեք տարի հետո, երբ իր մահկանացուն է կնքում Վլադիմիր Լենինը, և երկրում սուգ է հայտարարվում, ապագա կոմպոզիտորի հայրը մտածում է երեխայի ծննդյան օրը փոխելու մասին, քանի որ իրենց տանն ամեն տարի տոն կլինի, մինչդեռ երկիրը կսգա բոլշևիկների առաջնորդի մահը: Այսպես տղայի ծննդյան օրը տեղափոխում են հունվարի 22:

Առնո Բաբաջանյանը ծնվել է Երևանում: Իր առաջին երաժշտական ստեղծագործությունը գրել է 9 տարեկանում։ 1938 թվականին մեկնում է Մոսկվա և միանգամից ընդունվում է Գնեսինների անվան երաժշտական քոլեջի վերջին կուրս։ Այն ավարտելուց հետո ընդունվում է Պ. Ի. Չայկովսկու անվան ՄՊԿ ( Բ. Մ. Բեռլինի դաշնամուրի դասարան)։

Նրա տաղանդը Արամ Խաչատրյանը դեռ հինգ տարեկանում նկատելով՝ որոշում է, որ տղան պետք է երաժշտությամբ զբաղվի։ 1929-ին ընդունվել է Երևանի պետական կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցը, որն ավարտելուց հետո սովորել է կոնսերվատորիայում։ Հետագայում ուսումը շարունակել է Մոսկվայի կոնսերվատորիայի դաշնամուրի բաժնում՝ միաժամանակ կատարելագործվելով Մոսկվայում գործող Հայաստանի կուլտուրայի տանը կից ստուդիայում։ 1950-1956 թվականներին դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում։ 1956-ից ապրել և աշխատել է Մոսկվայում։

Առնո Բաբաջանյանի ստեղծագործական հարուստ ժառանգությունը ներառում է երգեր, գործիքային կատարումներ, սիմֆոնիկ երաժշտություն։ Նա ստեղծագործել է տարբեր ոճերով՝ դասական, փոփ, ջազ։

Բաբաջանյանի ստեղծագործական ոճը ձևավորվել է Արամ Խաչատրյանի և Սերգեյ Ռախմանինովի ազդեցությամբ։ Իսկ նրա ստեղծագործական անհատականությունը դրսևորվել է դաշնամուրի և նվագախմբի համար գրված «Հերոսական բալլադում» և դաշնամուրային տրիոյում։ Լայն ժողովրդականություն վայելող «Հայկական ռապսոդիան» գրել է 1950-ին։ Կոմպոզիտորը մեծ հեղինակություն է վայելել և համագործակցել է պոետ Ռոբերտ Ռոժդեստվենսկու և երգիչ Մուսլիմ Մագոմաևի հետ։ «Առաջին սիրո երգը» և «Երևան»-ը համարվում են որպես հարազատ քաղաքի հիմն։

Կոմպոզիտորի բացառիկ տաղանդը խոր զգացմունքայնությամբ դրսևորվել է նաև նրա երգերում: Հանրահայտ են Բաբաջանյանի «Երկրագնդի լավագույն քաղաքը», «Կամուրջներ», «Գուշակիր ցանկությունս», «Մի շտապիր» և այլ երգեր, որոնք կատարվել են ԽՍՀՄ-ում և արտասահմանում:
Առնո Բաբաջանյանը մահացել է Մոսկվայում 1983 թվականի նոյեմբերի 11-ին։