Արգիշտի Քյարամյանի հրահանգով գործեր են հարուցվում Գառնիկ Իսագուլյանի դեմ. Hayeli.am

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանին մեղադրանք էր առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի (սուտ մատնություն) 2-րդ մասի 1-ին կետով և 226.2-րդ հոդվածի (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը) 1-ին մասով:

Դատարանը ձերբակալությունը համարել էր ոչ համաչափ և մերժել էր խափանման միջոցը որպես կալանք: Երևան քաղաքի դատախազությունը Վերաքննիչ դատարան բողոք է բերել և պահանջում է, որպեսզի ձերբակալությունը համարվի օրինաչափ՝ խափանման միջոց կիրառելով կալանք:

Գառնիկ Իսագուլյանն ընդգծում է, որ իրավապահ համակարգի հետ կապված իր բոլոր խնդիրները հաջորդում են Հայելի մամուլի ակումբում իր հարցազրույցներին. «Հունվարի 7-ին ես Հայելի մամուլի ակումբում ասուլիս-հարցազրույցով էի հանդես եկել, ամսի 8-ին դատախազությունն այդ բողոքը բերեց: Կարծում եմ՝ Արգիշտի Քյարամյանի գործոնն այստեղ նշանակություն ունի, քանի որ նա հանդիսանում է  Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը: Ձեզ նաև ասեմ, Արցախից իմ մտերիմներից մեկը, որը նաև «Իմքայլականների» հետ է մոտ, ամսի 6-ին զանգահարեց ինձ ու խնդրեց «Իմքայլականների» անունից, որպեսզի այլևս ասուլիսով կամ էլ հարցազրույցներով հանդես չգամ: Ես էլ ասացի, ինձ չեք կարող թելադրել»,-մեզ հետ զրույցում նշել է Գառնիկ Իսագուլյանը:

Դիտարկմանը՝ իրենք ինչ են պատրաստվում անել, պարոն Իսագուլյանը նշել է, որ կսպասեն Վերաքննիչի որոշմանը, այնուհետև կհասկանան՝ ինչ անել: