Քննարկելով Շուշիի մասին Նիկոլի լպիրշ հայտարարությունը՝ բոլորս մոռացանք երեկվա նույնքան լպիրշ ու ոչ պակաս կարևոր հայտարարությունը. Միքայել Մինասյան

Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը «Թելեգրամի» իր ալիքում գրում է.

«Քննարկելով Շուշիի մասին Նիկոլի լպիրշ հայտարարությունը՝ բոլորս մոռացանք երեկվա նույնքան լպիրշ ու ոչ պակաս կարևոր հայտարարության մասին: Պատասխանելով պատերազմում մարդկային զոհերի մասին հարցին՝ Տիգրան Ավինյանը անտեսեց վիրավորների թվի մասին հարցը, հրաժարվեց անվանել անհայտ կորածների թիվը և նշեց, որ «զոհերի թիվը չի գերազանցի 4000-ը»:

Այս մոտեցումը հստակ ցուցիչ է, որ ըստ Ավինյանի՝ Հայրենիքի համար զոհված հերոսները միայն «զոհվածների թիվ է», և նա արդեն որոշել է, որ այդ «թիվը» չի գերազանցի 4000-ը (Ավինյանի խղճին թողնենք նրա խոսքերի ճշմարտացիությունը. մենք գիտենք, որ զոհվածները և անհայտ կորածները շատ ավելի են): Հետևելով տոտալիտար քարոզչության լավագույն ավանդույթներին՝ Ավինյանը դիտավորյալ ապամարդկայնացնում է հնչեցված հարցը՝ ամեն ինչ իջեցնելով վիճակագրության վարչության տվյալների աստիճանի. տնտեսական անկման կամ գների բարձրացման անիմաստ թվեր կամ արտադրության նվազեցված տեմպեր: Նրա համար կարևոր է չոր թվեր բարձրաձայնել՝ լռելով, որ նրանք 4000 մարդ են, 4000 պայծառ երիտասարդ, սգո մեջ ընկղմված 4000 օջախ: Այս 4000-ը Ավինյանի համար անուններ և ազգանուններ չունեն, չունեն ծնողներ, որոնց առջև պետք է ծնկի գալ նրա համար, որ Հայրենիքին տվեցին իրենց ամենաթանկը, չունեն որբ երեխաներ, ովքեր ավելի քան երբևէ խնամքի և ուշադրության կարիք ունեն:

Փաստաբան և թշնամու հանցակից դառնալով՝ աթոռից կառչած սրիկան, ռազմագերիների հարցով զբաղվելու և Ազգային ժողովի ամբիոնից խնդրի վրա համաշխարհային հանրության ուշադրությունը գրավելու փոխարեն, նա հակադարձում է իր ընդդիմախոսներին. «Ինչո՞ւ նախկինում ռազմագերիների մասին չէիք խոսում»: Բաքվի բանտերում ամեն օր խոշտանգումների ենթարկվող 115 տղաները ողբերգություն չեն, այլ սպառնալիք են նրա իշխանության համար: 5000 զոհը նրա մեղավորությունը չէ, այլ հաղթաթուղթ է նրա ընդդիմախոսների ձեռքում: Զոհերի խոշտանգումը, քաղաքական պայքարում նվազեցնելով ներկայիս իշխող վերնախավի մեղավորության քննարկումը, նիկոլական բանդայի ձեռքում մնացած միակ գործիքն է:

Ահա թե ինչու նրանք սկսեցին փնտրել նրանց, ում հարմար կլիներ մեղավոր նշանակել. ռազմագերիների հարցով՝ Ռուսաստանն է, ինչի մասին երեկ բացահայտ հայտարարեց նիկոլական մեկ այլ բազմակի օգտագործման ուսապարկ Հովհաննես Իգիթյանը, զոհվածների, վիրավորների, անհայտ կորածների համար մեղադրեց ընդդիմությանը, իսկ Արցախը վաճառելու հարցում՝  նախկին իշխանություններին:

Բոլորն են մեղավոր, բացի Նիկոլից: Բոլորն են մեղավոր, բացի իր իշխանական սպասարկողներից: Մեղավոր են նրանք, ովքեր սգում են, տառապում են, մահացել են, որոնց չճանաչված մարմինները սառնարաններում են, նրանք, ում մնացորդները դեռ չեն հայտնաբերվել, նա, ով հուսահատությունից հարվածեց ՊՆ դարպասներին: Բայց ամենից շատ, ըստ նիկոլականների, մեղավոր են նրանք, ովքեր հիշում են: Նրանք, ովքեր չեն մոռանում: Նրանք, ովքեր նրանց պատասխանատվության են կանչելու, և նրանք, ովքեր ուշադիր հետևելու են, որպեսզի նրանց պատիժը հնարավորինս խիստ լինի:

Հ.Գ. Մինչ Ավինյանը փորձում էր թաքցնել անհայտ կորածների թիվը, ՌԴ ՊՆ-ը հայտարարեց, որ Արցախում անհայտ կորածների որոնման թեժ գիծը գրանցել է 2320 դիմում: