Իշխանությունը պատերազմի ընթացքում գործում էր «Հաղթելու ենք», այսօր էլ՝ «Լռում ենք» կարգախոսի ներքո. Սեյրան Օհանյան

«Ես մինչև վերջ մարտնչել եմ։ Մնացած հարթություններում, բարձրություններում թե ինչ է եղել, թող պատասխանեն պատկան մարմինները»,- այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ դատարանի դիմաց ասաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար,  Արցախի հերոս Սեյրան Օհանյանը:
Հարցին, թե ինչո՞ւ Մոսկվայում Նիկոլ Փաշինյանը չկարողացավ լուծել հայ ռազմագերիներին վերադարձնելու հարցը, նա պատասխանեց. «Այդ հարցի պատասխանը պետք է տան հենց իշխանությունները։ Ողջ պատերազմի ընթացքում «Հաղթելու ենք» կարգախոսի ներքո վարած քաղաքականության արդյունքում մենք պարտություն կրեցինք, այսօր էլ նրանք գործում են «Լռում ենք» կարգախոսի ներքո։ Իշխանությունը այդ հարցերի պատասխանները պետք է տա ժողովրդին»:

Ռազմական գործիչն ընդգծեց՝  ամենակարևոր խնդիրները   մոսկովյան այցի ընթացքում եղել է ռազմագերիների վերադարձը, ինքն էլ այդ հարցի մասին  ֆեյսբուքյան գրառմամբ մի քանի հարց էր ուղղել նաև դատախազությանը։

«Այս հարցում Ադրբեջանը, պետք է պնդեմ, նաև ռուս-թուրքական տանդեմն իրենց ազդեցությունն են շարունակում գործել Հայաստանի իշխանությունների վրա։ Մենք դրա համար ասում ենք՝ Հայաստանի իշխանությունները պետք է փոխվեն։ Ես ուրախությամբ չէ, որ ասում եմ, մենք պարտվել ենք, ու այս իշխանությունները պետք է փոխվեն։ Պարզապես մեզ նոր, ավելի համարձակ, ավելի լավ բանակցող իշխանություններ են պետք, որպեսզի կարողանանք այս իրավիճակից դուրս գալ, մեր արժանապատվությունը վերականգնել։ Հակառակ դեպքում հունվարի 11-ի շարունակություն է լինելու։  Ճանապարհների շրջափակման դեպքում այս իրականության մեջ՝ ռազմական հաղթանակի պարագայում թուրք-ադրբեջանական տանդեմն ընդլայնելու է և տնտեսական, թե ժողովրդագրական հարձակումը մեր վրա»,-ասաց Օհանյանը։

Կարսում անցկացվելիք զորավարժություններն էլ Օհանյանը համարում է հոգեբանական ճնշում Հայաստանի, ինչպես նաև տարածաշրջանի մյուս երկրների վրա վրա։

«Գիտե՞ք, այս իրավիճակում, ձախողումները, մեր հետնահանջը շարունակվելու է»,-նշեց նա։

Հիշեցնենք, որ ընդհանուր իրավասության դատարանում  նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի սկսվել է  սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը։

Գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՊՆ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը և նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը։