Ադրբեջանական շարասյան ճանապարհը փակած մարտակերտցիները դադարեցրել են ակցիան. նոր մանրամասներ

Արցախի Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղի բնակիչները հունվարի 18-ին փակել են ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Քարվաճառ մեկնող ադրբեջանական շարասյան ճանապարհը: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Դրմբոնի համայնքապետ Աշոտ Հակոբյանը:

«Ճանապարհը փակելու նպատակը Վարդենիս տանող ճանապարհը մեզ համար ևս հասանելի դարձնելու պահանջն էր: Ադրբեջանցիները բեռնատարներով երթևեկում են և բեռներ են տեղափոխում Քարվաճառ: Մինչդեռ, այդ նույն՝ բավականին կարճ ճանապարհով դեպի Վարդենիս երթևեկելն անհասանելի է մեզ համար: Մեր խաղաղ ակցիայի նպատակը ռուս խաղաղապահների ուշադրությունն այս հարցին հրավիրելն էր, որպեսզի անվտանգ պայմաններ ապահովեն՝ այս ճանապարհով Վարդենիս հասնելու համար»,- ասաց Դրմբոնի համայնքապետը՝ հավելելով, որ այս պահի դրությամբ՝ ճանապարհը փակելու գործողությունը դադարեցրել են, որովհետև ադրբեջանական ավտոշարասյանն ուղեկցող խաղաղապահ ուժերի ներկայացուցիչը խոստացել է իրենց խնդրագիրը փոխանցել ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին:

«Հույս ունենք, որ խնդիրը դրական լուծում կստանա և կրկին ճանապարհը փակելու անհրաժեշտություն չի առաջանա»,-ավելացրեց Հակոբյանը:

Հունվարի 18-ին «Ֆեյսբուք»-ի հայ օգտատերերից մեկի հրապարակած տեսանյութից հայտնի էր դարձել, որ Դրմբոնի բնակիչները փակել էին իրենց գյուղի տարածքով Քարվաճառ տանող ճանապարհը: Տեսանյութում խաղաղ ակցիայի մասնակիցներից մեկն ընդգծում է, որ Վարդենիս տանող 90 կիլոմետրանոց ճանապարհի փոխարեն՝ հարազատներին այցելելու համար, ստիպված են 500 կմ ճանապարհ անցնել: Ուստի խնդրում են ապահովել խաղաղ բնակչության անվտանգ ու անխոչընդոտ երթևեկությունը դեպի Վարդենիս: Նույն տեսանյութում, գյուղացիներին մոտեցած ռուս խաղաղապահը նշում է, որ իրենց առաքելության նպատակը հրադադարի ռեժիմի պահպանումն է և ենթակառուցվածքների աշխատանքի ապահովումը:

«Այդ հարցը բարձր մակարդակում է որոշվում: Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի այդ խնդիրը լուծում ստանա»,- ասել է ռուս զինվորականը: