Իրանն ու Թուրքիան երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ 3 նոր համաձայնագիր են կնքել

Իրանն ու Թուրքիան երկաթուղային տրասնպորտին առնչվող երեք նոր համաձայնագիր են ստորագրել: Ինչպես փոխանցում է «Թանսիմ» գործակալությունը, այս մասին տեղեկացրել է «Իրանի երկաթուղիներ» ընկերության տնօրեն Սաիդ Ռասոլին:

Վերջինս հայտնել է, որ նոր պայմանագրերը նպատակաուղղված են երկու հարևան երկրների միջև երկաթուղային ճանապարհով ուղևորությունների և բեռնափոխադրումների հնարավորությունն առավելագույնի հասցնելուն:

Նա հավելել է, որ Թեհրանն ու Անկարան համաձայնել են ուժեղացնել արևելք-արևմուտք միջանցքը, որն Աֆղանստանի, Պակիստանի և Իրանի տարածքով Չինաստանը միացնում է Թուրքիային:

Իրանցի պաշտոնյան շեշտել է նաև, որ Ստամբուլը, Թեհրանն ու Իսլամաբադն իրար միացնող տրանսազգային երկաթուղային հաղորդակցության վերականգնումը հնարավորություն կստեղծի նոր Մետաքսի ճանապարհին միանալու համար: