Քաղաքականությունը ժամանցային բնագավառ չէ (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է քաղաքագետ Գարեգին Պետրոսյանը

Վազգեն Մանուկյանը հունվարի 16-ին Վանաձոր կատարած այցի ժամանակ հայտարարեց, որ գործող կառավարությունը մի շարք բացթողումներ է ունեցել պատերազմին նախորդող շրջանում, պատերազմի ընթացքում և պատերազմից հետո: Մանուկյանը նշեց, որ ճիշտ քաղաքականության շնորհիվ հնարավոր կլիներ խուսափել պատերազմից, պահել հայկական կողմին պատկանող ամուր դիրքերը, ինչպես նաև մի շարք հայանպաստ կետեր ներառել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ստորագրված հայտարարությունում: Իր վերջին հարցազրույցի ժամանակ նման պնդում արեց նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Որքանո՞վ էր հնարավոր խուսափել պատերազմից և ինչո՞ւ այնուամենայնիվ հնարավոր չեղավ խուսափել դրանից։ Որո՞նք էին պատերազմի նախադրյալները։

Նոյեմբերի 9-ի հայտարարության իններորդ դրույթով նախատեսվում է ապաշրջափակել Հայաստանի, Ադրբեջանի և Նախիջևանի ճանապարհները՝ տնտեսական ուղիներ ստեղծելու նպատակով, մինչդեռ ադրբեջանը չի դադարում Հայաստանի հանդեպ իր սեփականատիրական նկրտումներն ի ցույց դնել՝ տարբեր հայտարարություններով ու գործողություններով։ Փորձագետները կանխատեսում են՝ առաջիկայում Թուրքիայի հետ համագործակցությամբ ադրբեջանը կարող է խախտել նաև Հայաստանի սահմանների անձեռնմխելիությունը և արդեն մեր պետության տարածքում պատերազմ սանձազերծել։ Եվ նման պայմաններում օրվա իշխանությունները ադրբեջանի հետ բարիդրացիական հարաբերություններ են քարոզում ու համատեղ ծրագրեր նախաձեռնում։

Անդրադարձանք Արցախի կարգավիճակի հարցին, այդ մասին Փաշինյանի հոդվածին և Իգոր Պոպովի արձագանքին։ Ի վերջո դեռ իրատեսակա՞ն է, որ Արցախի կարգավիճակի հարցը կդրվի բանակցային սեղանին։

Ինչպես փոխանցում է «Razm.Info» կայքը, թուրքական «Հաբերթուրք» լրատվական գործակալությունը հայտնում է, որ Կարսում Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են անցկացնելու՝ ներգրավվելով տանկային, հրետանային միջոցներ, ուղղաթիռներ ու հատուկջոկատայինների ստորաբաժանումներ: Արդյո՞ք սա նոր պատերազմի նախանշան չէ։

Գարեգին Պետրոսյանի  խոսքով՝ ադրբեջան-Թուրքիա համատեղ զորավարժությունները մեզ հուշում են, որ ռազմական գործողություններն Ադրբեջան -Թուրքիա օրակարգից դուրս չեն եկել, և Հայաստանը պետք է պատրաստվի դրան:

Մանրամասները՝ տեսանյութում