Լավրովը փաստացի մեղադրեց Հայաստանի դավադիր իշխանություններին նման պատերազմի համար դիվանագիտական հող ստեղծելու մեջ

ՌԴ ԱԳ նախարար Լավրովի այսօրվա հայտարարություններն ու գնահատականները խիստ ուշագրավ էին և կարևոր:

  1. Լավրովը փաստեց, որ ռազմագերիների փոխանակման լիարժեք գործընթացի լիարժեք իրականացման համար նախ եղել է հայկական կողմի մեղավորությունը, որն ի սկզբանե չէր ներկայացրել իր քաղաքացիների ամբողջական ցուցակը: Սա ապացուցում է այն գնահատականը, որ գործող վարչակազմը լրջորեն և սրտացավ չի զբաղվել այս խնդրով:
  2. Խոսելով նոյեմբերի 9-ից հետո Հադրութի շրջանում ռազմագերի դարձած մեր 62 տղաների մասին՝ ակնհայտ ընդգծվեց ադրբեջանական կողմի մանիպուլատիվ և առևտրային մոտեցումը ռազմագերիների փոխանակման հարցում: Հուսադրող է, որ Լավրովի կարծիքով այնուհանդերձ կողմերը պիտի վերադառնան «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքին:
  3. Հադրութում գերի ընկած մեր տղաների հետ կապված այնուհանդերձ կրկին ակնհայտ է հայկական կապիտուլյանտների անմեղսունակությունը, ինչի պատճառով այդպես էլ պարզ չի դառնում, ինչ հիմքով են զինադադարից հետո երկու հայկական գյուղերն անցել Ադրբեջանին, ինչի հետևանքով մեր զինվորականներն հայտնվել են գերության մեջ և շահարկվում են Ալիևի կողմից: Մանավանդ, հաշվի առնելով, որ այդ գյուղերը մեկ օրով ընդգրկվեցին ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության քարտեզում:
  4. Լավրովը վերահաստատեց նաև ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանյան համանախագահ Պոպովի հայտարարության մեջ տեղ գտած Լաչինի միջանցքին վերաբերող գնահատականները:
  5. Միաժամանակ հայկական դավաճանական ոհմակի պատճառով նոյեմբերի 9-ից հետո Լաչինի միջանցքի և Սյունիքով դեպի Նախիջևան բացվելիք ճանապարհների միջև միջազգային ընկալման մեջ փաստացի անալոգիաներ են տարվում և դրվում է հավասարության նշան, ինչը երբեք մինչ այդ չի եղել:
  6. Լավրովը նաև մեկ այլ, խիստ ուշագրավ հայտարարություն արեց: Նա ուղիղ տեքստով 44-օրյա պատերազմի նախադրյալներից մեկը դիտարկեց գործող իշխանությունների անհավասարակշիռ և պոպուլիստական հայտարարությունները՝ բանակցային գործընթացի տրամաբանությունից դուրս, ինչը նպաստեց պատերազմին: Լավրովը փաստացի մեղադրեց Հայաստանի դավադիր իշխանություններին նման պատերազմի համար դիվանագիտական հող ստեղծելու մեջ:
  7. Հուսադրող է, որ Արցախի կարգավիճակի հարցը վերահաստատվում է որպես ապագա բանակցությունների հիմնահարց, այն էլ՝ ԵԱՀԿ ՄԽ ձևաչափով, ինչի մասին ՌԴ ԱԳ նախարարը նույնպես երկու անգամ շեշտեց:

Փաստենք, որ Արցախի և Հայաստանի ապագային վերաբերող հիմնահարցերն այնքան շատ են ու ճակատագրական, որ ակնհայտ է մեզ այս օրն հասցրած դավադիրների ոհմակից անհապաղ ազատվելու գերխնդիրը: 

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից