«Նոր պատերազմ՝ նոր տարածքներ»… Գիտեք՝ խոսքը նյութական ուժ ունի. Լավրով

Բոլոր պայմանավորվածություններում, առաջին հերթին, նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, արձանագրված է կողմերի համաձայնությունը, որ կապահովվի կապը Հայաստանի և Ղարաբաղի միջև Լաչինի միջանցքի միջով, որը գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության տակ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին, թե ինչու են հայ պաշտոնյաներն այցելում Ղարաբաղ «առանց Բաքվի թույլտվության, և որն է այդ առնչությամբ Մոսկվայի դիրքորոշումը»:

«Ղարաբաղի հետ Հայաստանի կապը ոչ ոք երբեք չի հերքել: Տասնամյակներ շարունակվող բանակցությունների ընթացքում երբեք հարց չի հնչել Հայաստանն ու Ղարաբաղը միմյանցից կտրելու հարցը։ Եվ հենց այդ պատճառով Լաչինի միջանցքը՝ որպես հայեցակարգ, որևէ մեկի կողմից չի մերժվել։ Եվ այն նախկինի պես կողմերի համաձայնության, այդ թվում՝ մեր ադրբեջանցի հարևանների համաձայնության առարկա է հանդիսանում։ Ճիշտ այդպես հուսալի մշտական կապ կհաստատվի Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև: Եթե մենք համաձայն ենք (իսկ բոլորը դրանում համաձայն են), որ պետք է լինի Լեռնային Ղարաբաղի հայերի ու Հայաստանի հայերի միջև կապ, չեմ տեսնում այդ մակարդակում շփումներին խոչընդոտելու պատճառներ։ Հայաստանի պաշտոնյաները ներգրավված են ԼՂ-ին մարդասիրական օգնություն ցուցաբերելու գործընթացում, ինչը որևէ բացասական արձագանք չի ստանում Բաքվի կողմից: Եվ տարօրինակ կլիներ, եթե այլ կերպ լիներ:

Այն, որ հայ պաշտոնյաները Ղարաբաղում քաղաքականացված հայտարարություններ են անում, թերևս լարվածություն է առաջացնում: Կարծում եմ՝ լավ կլիներ խուսափել դրանից։ Մենք ականատես եղանք 44-օրյա պատերազմից առաջ, թե ինչպես էին էմոցիոնալ հայտարարություններ արվում, օրինակ՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքներ»… Գիտեք՝ խոսքը նյութական ուժ ունի: Տվյալ դեպքում տարբեր կողմերից նման խոսքերը բացասական նյութական ուժ են ունենում: Այդ պատճառով մենք մեծ ուշադրություն ենք դարձնում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարությունների միջև շփումներին, վստահության մթնոլորտի ձևավորմանը։  Եվ հենց դա էր հունվարի 11-ին Մոսկվայում հանդիպման կարևորագույն իմաստներից մեկը… Լիահույս եմ, որ էմոցիաները երկրորդ պլան կմղվեն:

Ի դեպ, հենց այդ պատճառով այժմ առաջնահերթ չէ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի թեման: Այն կմնա հետագայի համար, և դրան դեռ կվերադառնանք…

Սակայն ամենակարևորն այն է, որպեսզի կարգավիճակի հարցով հետագայում կոնկրետ, հանգիստ, իրավական բանակցություններ ընթանան Երևանի և Բաքվի միջև՝ այն բարիդրացիության հիման վրա, որը նրանք պետք է վերականգնեն տարածաշրջանում»,-ասել է Լավրովը: