Ի՞նչ եղավ ամենաբարձր մակարդակով փողահարված հայկական թեստերի արտադրությունը

Հունվարի 14-ին Կառավարության նիստում չզեկուցվող նախագծերի շարքում կառավարության պահուստային ֆոնդից առողջապահության նախարարությանը ավելի քան 2.5 միլիարդ դրամ է հատկացվել՝ COVID-19-ի դեմ պայքարի համար։

Ուշագրավ է, որ ծախսերն իրականացվելու են բանկային վճարային քարտի միջոցով։ «Սահմանել, որ սույն որոշմամբ սահմանված՝ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային վարակի կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների իրականացման ծախսերն իրականացվելու են բանկային վճարային քարտի միջոցով»,- գրված է որոշման մեջ: Գումարից 600 մլն դրամը նախատեսվում է օգտագործել 2020 թվականի դեկտեմբերի 30-ին և 31-ին կատարված ծախսերը փոխհատուցելու համար»:

Մի կողմ թողնելով բանկային վճարային քարտի միջոցով կատարվելիք գնումների ռիսկերը, նշենք, որ գնված ապրանքների թվում են 100 հազար կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման թեստեր:

Դեռ 2020 թ. ապրիլի 6-ին վարչապետը տեղեկացրեց, որ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի հետ գործադիրը քննարկում է տեղական թեստերի արտադրության հարցը, և դրա համար արդեն 550 հազար դոլարի չափով հատկացում է կատարվելու: Այնուհետև տեղեկություն տարածվեց, որ կառավարությունը 100 հազար թեստ ստեղծելու համար ներդրել է մոտ 250 հազար ԱՄՆ դոլար, որը ծախսվել է անհրաժեշտ նյութեր ձեռք բերելու վրա: Մեկ թեստի արժեքը կազմելու էր 2․5-2․75 դոլար, այսինքն՝ 1200-1300 դրամ, իսկ ճշտության աստիճանը՝ 98-100%:

Թեստերն արտադրող Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրենի 2020 թ. սեպտեմբերին հնչեցրած խոսքով՝ հայկական արտադրության թեստերը որակապես չեն զիջում արտասահմանից ներկրվածներին. «Փորձարկումների արդյունքները ցույց են տալիս, որ ոչ մի բանով չեն զիջում այն թեստերին, որոնք որ ձեռք են բերվել Հայաստանում»:

Եթե դա այդպես է, ապա անհասկանալի է, թե ինչո՞ւ չի շարունակվում տեղական թեստերի արտադրությունը, այլ դարձյալ գնվում են դրսից: Հայտարարվել էր, որ տեղական թեստերը մի քանի անգամ ավելի էժան են, քան չինական արտադրությանը: Ինչո՞ւ կառավարության ներդրումն ըստ էության արդյունավետ չի եղել և տեղական արտադրությունը չի զարգացվել, թեստի որակը՝ զգայունությունն ու սպեցիֆիկությունը չե՞ն համապատասխանել ներկայացվող պահանջներին, տեխնիկական խնդիրնե՞ր են առաջացել, թե այլ բնույթի հարցեր են պատճառ դարձել:

Նախարարությունը առ այսօր չի հրապարակել, թե իրականացված ավելի քան 600 հազար թեստավորման համար քանի թեստ է գնել, քանիսն է նվեր ստացել, քանիսն են եղել հայկական արտադրության և քանի թեստավորում են իրականացրել մասնավոր սեկտորի լաբորատորիաները իրենց թեստերով: Չկա տեղեկատվություն, թե կոնկրետ քանի թեստ իրականացվեց հայկական թեստերով, որ խմբերի շրջանում, ինչպիսի արդյունքներով:

Հիմա հարց. ի՞նչ եղավ ամենաբարձր մակարդակով փողահարված հայկական թեստերի արտադրությունը, թե դա հերթական գերթանկարժեք PR ակցիան էր ընդամենը, որը դուրս գրվեց պետական բյուջեի հաշվին:

«Հակահամաճարակային ալյանս» նախաձեռնություն