Ռազմագերիների հարցը ԱԺ-ում քննարկելու առաջարկը մերժվեց. «Իմ քայլը» դեմ քվեարկեց

ԱԺ այսօրվա հերթական նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը ներկայացնելով «Ստեղծված իրավիճակում և դրանից դուրս գալու ելքերը, ինչպես նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության իրավաչափությունը քննարկելու վերաբերյալ» որոշման նախագիծը ԱԺ օրակարգ ընդգրկելու հարցը՝ կոչ արեց կողմ քվեարկել նախագծին։

Ըստ նրա, դա ռազմագերիների հարցը ևս մեկ անգամ բարձրաձայնելու հնարավորություն է:

Պատգամավորը հիշեցրեց, որ իրենց խմբակցությունը երկու ամիս առաջ էլ էր այդ նախաձեռնությամբ հանդես եկել՝ առաջարկելով խնդրով արտահերթ նիստ գումարել, որը չէր ընդունվել:

Տարոն Սիմոնյանը նշելով, որ եռակողմ հայտարարությունը միջազգային իրավունքի խախտմամբ, սպառնալիքի ներքո կնքված փաստաթուղթ է, շեշտեց, որ փաստաթուղթը մեծամասամբ կատարվել է և մնացել է միայն գերիների հարցը:

Նա հայտնեց, որ հայտարարությունից չի կատարվել միայն ռազմագերիների վերադարձնելու դրույթը և նախագծով առաջարկվում է քննարկել այն՝ ընդգծելու միջազգային իրավունքի նորմի խախտումը և ռազմագերիներին պատանդ պահելու փաստը, ինչպես նաև դիմելու միջազգային հանրությանը՝ ռազմագերիների վերադարձին նպաստելու համար:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը հայտենց, որ հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել նախագծին, քանի որ ԱԺ-ն այդ հարցի քննարկման լիազորություն և ընթացակարգ չունի և կարող է իրականացնել միայն Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված իրավասությունները: