«Ֆեյսբուքում» արգելել են Վաշինգտոնի կենտրոնում միջոցառումներ կազմակերպել մինչ երդմնակալությունը

«Ֆեյսբուքի» ղեկավարությունն արգելել է մինչ ԱՄՆ նորընտիր նախագահ Ջոզեֆ Բայդենի երդմնակալության արարողությունը այս սոցիալական ցանցի միջոցով Վաշինգտոնի կենտրոնում կազմակերպել նոր միջոցառումներ: Այս մասին ղեկավարությունը հայտարարություն է տարածել իր պաշտոնական բլոգում:

Արգելքը վերաբերում է «Սպիտակ տան ու ԱՄՆ Կոնգրեսի մոտակայքի՝ ֆեյսբուքյան բոլոր նոր միջոցառումներին», նաև այն շենքերին, որոնցում տեղակայված են ամերիկյան նահանգների օրենսդիր մարմինները: Սոցցանցի աշխատակիցները մտադիր են վերլուծել երդմնակալությանը վերաբերող արդեն պլանավորված իրադարձությունները: Նրանց մասին տեղեկատվությունը կջնջվի, եթե բացահայտվեն սոցիալական ցանցի կանոնների խախտումներ:

«Ֆեյսբուքը» նշել է, որ նախքան երդմնակալությունը իրենք արգելել են ԱՄՆ-ից դուրս գտնվող օգտատերերին սոցիալական ցանցի միջոցով երկրում կազմակերպել ցանկացած իրադարձություն: Բայդենի երդմնակալության արարողությունը նախատեսված է հունվարի 20-ին:

ԱՄՆ ներկայիս առաջնորդ Դոնալդ Թրամփի կողմնակիցները հունվարի 6-ին փորձեցին խոչընդոտել ամերիկյան կոնգրեսում նախորդ տարվա նոյեմբերի 3-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքների հաստատումը, որտեղ հաղթել է Բայդենը: Անկարգությունների հետևանքով մի քանի մարդ է զոհվել, այդ թվում՝ մեկ ոստիկան:

Բայդենի երդմնակալությանն ընդառաջ՝ ԱՄՆ իշխանությունները Վաշինգտոնում ուժեղացված անվտանգության միջոցառումներ են ձեռնարկում: Սպիտակ տանն ու Կոնգրեսին հարող քաղաքի կենտրոնի զգալի հատվածը փակ է երթևեկության համար: Կապիտոլիումի բլուրը շրջափակված է: