Զոհված զինվորի ծնողներից խաբեությամբ գումար հափշտակած անձը ձերբակալվել է. ոստիկանություն

Հունվարի 13-ին, ժամը 22.05-ին, ահազանգով մեկնած ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խմբին հաղորդում էր տվել Հրազդանի բնակիչ մի տղամարդ:

Ոստիկանությունից հայտնում են, որ ըստ նրա` պատերազմական գործողությունների ընթացքում հոկտեմբերի 1-ից որդուց լուր չեն ունեցել, շուրջ երկու ամիս առաջ էլ կինն ինչ-որ տեղից տեղեկացել է, թե որդին գտնվում է գերության մեջ։ Ոմն Հարութ կնոջը խոստացել էր գումարի դիմաց որդուն գերությունից ազատել, սակայն խաբեությամբ, իրենց վստահությունը չարաշահելով՝ երկու ամսվա ընթացքում ոմն Հարութը տիրացել է տերմինալով իրեն փոխանցած մեկուկես միլիոն դրամին։ Տղամարդը վերջնականապես համոզվել է, որ իրենց խաբում են, երբ ստացել է որդու զոհվելու լուրը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Ձեռնարկված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Հրազդանի ոստիկաններին հաջողվել է պարզել Հարութի ինքնությունը։

Նա հայտնաբերվել և ձերբակալվել է։ Կատարվում է նախաքննություն: