Մակրոնը նամակով Էրդողանին առաջարկել է զարգացնել հարաբերությունները

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նամակ է ուղարկել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Փարիզի ու Անկարայի միջև հարաբերությունները զարգացնելու առաջարկով: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, գրում է Sabah պարբերականը:

«Երկու օր առաջ մենք Մակրոնից ստացել ենք դրական նամակ, որը պարունակում է նրա ցանկությունը զարգացնել հարաբերությունները, հանդիպելու մեր նախագահի հետ: Նա ձեռագիր թուրքերենով ողջույն է գրել. թանկագին Թայիփ»,-պատմել է Չավուշօղլուն:

Էրդողանը դրական է արձագանքել Մակրոնի նամակին, շեշտել է Թուրքիայի արտգործնախարարը:

«Մեր նախագահն ասաց.« Մենք հաճույքով կհանդիպենք»: Առաջին հերթին խոսքը տեսակոնֆերանսների և հեռախոսային խոսակցությունների մասին է»,-ավելացրել է նախարարը:

Երկու երկրների միջև լարվածությունն առաջացել է 2020-ի աշնանը Ֆրանսիայում տեղի ունեցած աղմկահարույց հարձակումներից հետո, որոնք տեղական իշխանությունները անվանել էին «իսլամիստների կողմից ահաբեկչություններ»:

Մասնավորապես, Փարիզի մերձակայքում մի ներգաղթյալ գլխատել էր պատմության ուսուցիչ Սամուել Պատիին: Նա դասախոսություններին ցույց էր տալիս Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարները:

Դրանից հետո Մակրոնը առաջարկել էր խստացնել վերահսկողությունը երկրում մզկիթների ֆինանսավորման վրա և ասել էր, որ երկիրը չի հրաժարվի նման ծաղրանկարների հրատարակությունից: Սա վրդովմունք էր առաջացրել իսլամական որոշ երկրներում, մասնավորապես` Թուրքիայում: