Ասում են՝ կվերազինվենք և մեր բաժին հաղթանակը կունենանք. ես այս մտածողությունը համարում եմ հետադիմական, վնասակար. Լենա Նազարյան

Պետք է փորձենք մշտական խաղաղություն ունենալ բոլոր հարևանների հետ: Այս մասին Sputnik Արմենիայի եթերում ասել է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը:

«Հիմա տարբեր փորձագետներ ասում են, որ մի քանի տարի խաղաղ կապրենք, կհզորանանք, կվերազինվենք և մեր բաժին հաղթանակը կունենանք։ Կներեք, ես այս մտածողությունը համարում եմ հետադիմական և վնասակար։ Ես ուզում եմ, որ մատով ցույց տան, թե ում 18 տարեկան որդու հաշվին են դա ուզում անել»,–ասաց նա։

Նազարյանը նշեց` պետք է փորձենք երկարատև խաղաղություն ունենալ մեր բոլոր հարևանների հետ. տարածաշրջանը վերջապես պետք է մարդկային դեմք ունենա։ Հարցին, թե Նազարյանը հակադարձո՞ւմ է այն պնդումներին, որ այլևս ոչ մի պատերազմով հնարավոր չէ հետ բերել կորցրած տարածքները` Նազարյանը պատասխանեց, որ ինքը պատերազմով չի ուզում դա անել։ «Ես ուզում եմ քաղաքական գործընթացների միջոցով դա անել»,–հավելեց նա։

Նազարյանն անդրադարձավ նաև այն կարծիքին, թե պարտված երկրի ղեկավարը բանակցել չի կարող` ասելով`գուցե հենց պարտված ղեկավարն այժմ առավել լավ է պատկերացնում մեր դրությունը։ «Փաշինյանի ոտքերն ամուր կերպով գետնին են, ոչ թե երկնքում` երազանքների մեջ։ Նա շատ լավ պատկերացնում է, թե ինչ հնարավորություններ ունենք մենք հիմա, ինչ հնարավորություններ կարող ենք օգտագործել մեզ համար շահեկան դիրքերում հայտնվելու համար»,–ասաց Նազարյանը։