Արթիկում, Մարալիկում, Ախուրյանում և Աշոցքում բուք է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։

Մ-6 միջպետական նշանակության ավտոճանապարհի Հաղպատի խաչմերուկից մինչև Նեղոց ճանապարհահատվածը հունվարի 15-ին, ժամը 13:30-ից մինչ 17:00-ն պայթեցման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու։

Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար դժվարանցանելի է։

Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Արագածոտնի մարզի Թալինի, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Լոռու մարզի Ստեփանավան, Տաշիր, Կոտայքի մարզի Չարենցավան, Հրազդան քաղաքներում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում և Ամասիա գյուղում տեղում է ձյուն։

Շիրակի մարզի Արթիկ, Մարալիկ քաղաքներում և Ախուրյան, Աշոցք գյուղերում բուք է։

 Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնահյուսի վտանգի պատճառով փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար, ինչպես նաև ռուսական կողմում կա կուտակված 100 բեռնատար ավտոմեքենա:

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին: