Քանի գերիների հարցը չի լուծվում, կանխվում են մեր շատ հետագա քայլեր. Հայկ Դեմոյան

Եռակողմ հայտարարություններն ու ստորագրված փաստաթղթերն անոմալիաների շարքից են. նոյեմբերի 10-ին երկու ՀԱՊԿ անդամ երկրներ համատեղ հայտարարություն էին ստորագրել ոչ ՀԱՊԿ անդամ երկրի հետ, որն էլ ռազմական գործողությունների արդյունքում  հաղթող էր դուրս եկել, իսկ հունվարի 11-ին երկու ԵԱՏՄ անդամ երկրներ ստորագրել են համագործակցության փաստաթուղթ ոչ ԵԱՏՄ անդամ երկրի հետ: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ մեկնաբանեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, փաստաբան Հայկ Դեմոյանը:

Հաջորդ անոմալիան, ըստ պատմաբանի, ռազմագերիների հարցը չլուծելն է, քանի որ հայկական կողմը պահպանեց պայմանավորվածությունը, իսկ Ադրբեջանի կողմից նույն պատասխանը չեղավ, մինչդեռ ադրբեջանական կողմը Հայաստանին պարտավորեցնում է կատարել ստորագրված փաստաթղթի կետերը: «Սա անոմալիա է համարվում, քանի որ, երբ խոսքը սահմանազատումների վերաբերյալ աշխատանքների մասին է, կարծես թե գերիների հարցը պետք է ինքնաբերաբար դուրս գար, սա պարզագույն տրամաբանություն է. ինչո՞ւ դա տեղի չի ունենում և ինչո՞ւ է Հայաստանը ներկայացնող ղեկավարը հայտարարում, որ այս պահին չլուծվեց գերիների խնդիրը, ինձ և շատերի համար մնում է հարցականի տակ»:

Ըստ Դեմոյանի՝ եթե ստորագրվել է երկրորդ փաստաթուղթ, ապա շատ հանգիստ կարող էր լուծվել գերիների հարցը և առհասարակ այդ խնդիրը պետք է նախապայման դառնար, և քանի այդ հարցը չի լուծվում, պատմաբանի գնահատմամբ՝ կանխվում են մեր շատ հետագա քայլեր: Դեմոյանի համար անհասկանալի է ծառացած խնդիրների ֆոնին ներկայիս իշխանությունների դիրքորոշումը, քանի որ դրանք քաղաքական անկարողության նշաններ են:

Պատմաբանը շեշտեց՝ Ադրբեջանի կողմից տեսնում ենք ռազմատենչ, հայատյաց հայտարարություններ, և առաջ է գալիս տարրական անվտանգության հարցը, որի մասին, սակայն, գործող իշխանությունը չի անհանգստանում, քանի որ նրանց համար նման սահման չկա, կան դրամաշնորհներ, որոնք շատ հեշտությամբ մարսելու են: «Բայց մինչև դրամաշնորհներ ստանալը, նրանք պետք է հասկանան, որ կա Հայաստանի և ՀՀ  քաղաքացիների անվտանգություն, իսկ դա նրանց համար էական ու առաջնային չէ»: