Կորոնավիրուսով վարակված մարդկանց մոտ կրկնավարակի դեմ 5 ամսվա իմունիտետ է ձևավորվում

Կորանավիրուսով վարակված մարդիկ կրկին վարակվելուց կարող են պաշտպանված լինել հինգ ամիս ժամկետով: CNN-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի Հանրային առողջապահության կենտրոնի հրապարակած նոր ուսումնասիրության մեջ:

Ուսումնասիրության տվյալներով՝ պարզվել է, որ կորոնավիրուսով արդեն վարակված լինելու հանգամանքը 83 տոկոսով կարող է նվազեցնել կրկին վարակվելու վտանգը՝ այն մարդկանց համեմատ, որոնք դեռևս չեն վարակվել:

Սակայն մասնագետները նշում են, որ պաշտպանվածությունը բացարձակ բնույթ չի կրում, ինչը նշանակում է, որ մարդիկ կարող են կրկին վարակվել:

Նշվում է նաև, որ կորոնավիրուսով վարակված մարդիկ, որոնք իմունիտետ են ձեռք բերել վիրուսի դեմ, կարող են դրա մասնիկները կրել օրգանիզմում՝ քթում կամ կոկորդում, և այդպիսով վարակիչ լինել այլ մարդկանց համար: