ՄԻԵԴ-ը մերժել է Ղրիմի հարցով Ռուսաստանի դեմ Ուկրաինայի մի շարք մեղադրանքներ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) չապացուցված է համարել Ղրիմի հարցով Ռուսաստանի դեմ Ուկրաինայի մի շարք մեղադրանքներ, այդ թվում՝ խաղաղ բնակիչների սպանությունը, լրագրողների ձերբակալումն ու նրանց վախեցնելը:

ՄԻԵԴ-ը Ղրիմը Ռուսաստանի Դաշնության կազմում ներառելու պատճառով մասամբ ընդունելի է ճանաչել Ռուսաստանի դեմ Ուկրաինայի բողոքը և շարունակելու է դրա ուսումնասիրումը, ասված է Ստրասբուրգի դատարանի մամուլի հաղորդագրության մեջ:

«ՄԻԵԴ-ը նաև եզրակացրել է, որ Ուկրաինայի իշխանությունների կողմից Ռուսաստանի Դաշնությանը ներկայացված մի շարք մեղադրանքներ ապացուցված չեն, այդ թվում՝ քաղաքացիական անձանց սպանություն, արտասահմանցի լրագրողների անհիմն կալանքն և ահաբեկումը, ուկրաինացի զինծառայողների գույքի ապօրինի բռնագրավումը, էթնիկ ուկրաինացիների նկատմամբ խտրականությունը և հետապնդումները»,- «ՌԻԱ Նովոստիի» տեղեկացմամբ, այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ Արդարադատության նախարարությունը:

Նախարարությունը նշում է, որ այս միջանկյալ որոշմամբ ՄԻԵԴ-ը հաստատել է գործը հետագայում քննելու իր ընթացակարգային լիազորությունները, որի ընթացքում իրավական գնահատական կտրվի ուկրաինական կողմի հայցերին՝ Ղրիմում 2014-2015 թթ. տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված: