Հրադադարի վերջին լուրջ խախտումը տեղի է ունեցել երեկ, ինչի հետևանքով վիրավորվել է զինծառայող. Արա Այվազյան

ԱԺ-ում աշխատանքային փակ հանդիպմանը ԱԳ նախարար Արա Այվազյանն անդրադառնալով նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությանը և նշեց, որ հրադադարի վերջին լուրջ խախտումը տեղի է ունեցել երեկ, ինչի հետևանքով վիրավորվել է զինծառայող:

«Խիստ մտահոգված ենք Ադրբեջանի կողմից հայտարարության առանցքային դրույթների շարունակական խախտումներով»,-ասաց նա և նշեց, որ Հայաստանը կշարունակի իր ջանքերը բոլոր ռազմագերիների և պատանդների վերադարձման, անհետ կորածների ճակատագրի պարզաբանման ուղղությամբ:

«Տարածաշրջանում ստեղծված իրավիճակը ուժի կիրառման հետևանք է, դեռևս ոչ մի հակամարտություն չի կարգավորվել ուժի կիրառմամբ»,-հայտարարեց նա:

«Հայ զինծառայողների հանդեպ շինծու մեղադրանքների առաջադրումը, քրեական գործերի հարուցումը ոչ միայն խախտում է եռակողմ հայտարարությունը, այլև Ժնևյան կոնվենցիաները: Այս գործոնները չեն նպաստում տարածաշրջանում վստահության ձևավորման ջանքերին, քանի որ վստահության առաջացման ամենակարևոր գրավականը ստանձնած պարտավորությունների իրականացումն է: Հայաստանն ամենաբարձր մակարդակով հետապնդում է ռազմագերիների վերադարձման խնդիրները: Հայաստանը կշարունակի իր ջանքերը բոլոր ռազմագերիների և պատանդների հետ վերադարձման, անհետ կորածների ճակատագրի պարզաբանման նպատակով»,- ասաց Այվազյանը:

Նախարարը նշեց նաև, որ Հայաստան շարունակելու է հանդես գալ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի դիրքերից, պատրաստ է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը իրականացնել Մինսկի խմբի համանախագահությամբ` հիմնված հիմնարար սկզբունքների վրա:

Նշենք, որ հանդիպումը տեղի է ունենում է փակ, հանդիպմանը չեն ներկայացել ԼՀԿ և ԲՀԿ ներկայացուցիչները: